«Պարոն Մանուկյանն ինձ մեղադրեց նրանում, որ իմ աները աշխատում է ԱԺ-ում, բայց այդպես չէ։ Իմ՝ աներ լինելու ընթացքում իմ աները երբեք չի աշխատել ԱԺ-ում։ Բայց գիտե՞ք՝ ով է աշխատում ԱԺ-ում, Ձեր կինը»,- արձագանքելով Մեսրոպ Մանուկյանի հայտարարություններին՝ պարզաբանեց ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։
Այնուհետև արձագանքելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի այն հորդորին՝ Դուք պետք է այս ամբիոնից ասեք՝ ո՞նց է ստացվել, որ Ձեր եղբայրը նման աննախադեպ հաջողություններ է գրանցում այն կազմակերպություններում, որտեղ կառավարությունը որոշակի մասնաբաժին է ձեռք բերում, Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց․ «Իմ եղբայրը՝ Լևոն Ռուբինյանը, 2007-ից՝ արդեն 19 տարի աշխատում է բանկային համակարգում։ 2017-ի դրությամբ, երբ ես ընդդիմադիր էի, իմ եղբայրը Ինեկոբանկի վարչության անդամն էր և ստանում էր ավելի բարձր աշխատավարձ, քան Դուք հիմա ստանում եք, տիկին Գրիգորյան։ Շարունակել է աշխատել մինչև 2025-ը, չի հիմնադրել որևէ բիզնես, չի ներառվել որևէ բիզնեսում։ Հետո 2025-ին մի բանկից տեղափոխվել է մեկ այլ բանկ։ Մեղադրանքը ո՞րն է, որ իմ եղբայրը մի բանկից մյուս բանկ է տեղափոխվե՞լ, մեղադրանքն այն է, որ եթե այդ բանկում 25 տոկոս մասնակցություն ունի պետությունը, ուրեմն շահերի բախում կա՞։ Որտե՞ղ։ Իմ եղբայրը 25 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային բանկում է աշխատում, Մեսրոպ Մանուկյանի կինն էլ 100 տոկոս պետական մասնակցությամբ Ազգային ժողովում է աշխատում»։
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի մյուս ելույթին՝ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Ես չեմ առաջարկել՝ ребята давайте жить дружно, ես առաջարկում եմ ребята давайте быть բարեկիրթ»։
Նշենք, որ այս պահին ԱԺ պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում են ԱԺ նախագահ։ ՔՊ-ն առաջարկել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ «Հայաստան» խմբակցությունը տեղեկացրել է, որ չի մասնակցելու քվեարկությանը, «Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: