Euneighbourseast.eu. Անկախ նրանից, թե երբ եք կարդում այս տողերը, Եվրոպայի ինչ-որ կետում ֆերմերներն իրենց տրակտորները դուրս են բերել փողոց եւ բողոքում են այս կամ այն քաղաքականության դեմ: Պատճառները կարող են տարբեր լինել. վառելիքի գնաճ, պակաս զարգացած շուկաներից բերվող շատ ավելի էժան ապրանքներով պայմանավորված անարդար մրցակցություն, եվրոպական բուսասանիտարական կանոնակարգերի բեռ կամ Եվրոպական ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության (ԸԳՔ) որեւէ կրճատում: ԸԳՔ-ն երեւի թե ամենաբարդ հանելուկներից մեկն է, որի մեջ այժմ կարող է տեղավորվել եւս մեկ բաղադրիչ՝ Ուկրաինայի (եւ Մոլդովայի) անդամակցությունը:
Նույնիսկ եթե հաշվի չառնենք Ուկրաինայի կողմից ռուսական ներխուժման հետեւանքով կրած տարածքային կորուստները՝ Ղրիմի եւ Դոնբասի որոշ հատվածների տեսքով, Ուկրաինան դեռեւս ունի 32 միլիոն հեկտար օգտագործելի գյուղատնտեսական հողատարածք, որից 26 միլիոնն արդեն իսկ մշակվում է։ Դա գրեթե կրկնակի անգամ ավելի է Ֆրանսիայի վարելահողերից (17 միլիոն հեկտար) եւ եռակի անգամ՝ Իսպանիայի ու Լեհաստանի վարելահողերից (յուրաքանչյուրը 11 միլիոն հեկտար՝ ըստ Համաշխարհային բանկի տվյալների)։ Անդամակցության դեպքում Ուկրաինան կդառնա ԵՄ-ում հացահատիկային մշակաբույսերի եւ յուղատու մշակաբույսերի՝ կանոլայի, արեւածաղկի եւ սոյայի առաջատար արտադրողը։
Ուկրաինայի հետ համեմատած՝ Մոլդովան ընդամենը փոքրիկ կցորդ է (1.87 միլիոն հեկտար): Բայց դա ամենեւին չի հեշտացնում Քիշնեւի խնդիրը։ Մոլդովայի անդամակցության գործընթացն առավելապես առաջ է շարժվել Ուկրաինայի եվրաինտեգրմանը զուգահեռ։ Քիշնեւը, մի կողմից, օգտվում է Կիեւի ներկայացրած ԵՄ անդամակցության հայտի առաջացրած աշխարհաքաղաքական իմպուլսից։ Մյուս կողմից, Մոլդովայի թեկնածությունը գնահատվում է առանձին՝ հիմնվելով վերջինիս սեփական արժանիքների վրա: Սակայն Ուկրաինայի հետ զուգահեռ անդամակցության գործընթացը որոշակի ռիսկեր է պարունակում եւ առաջացնում է մտահոգություններ՝ կապված ավելի խոշոր թեկնածուի հետ։
Ինչպես պնդում է հետազոտող Էլզա Ռենիեն SciencesPo-ի 2024 թվականի ուսումնասիրության մեջ, գյուղատնտեսությանը վերաբերող գլուխը «համարվում է ամենաբարդերից մեկը ԵՄ անդամակցության գործընթացում»։ Սա պայմանավորված է ԵՄ բյուջեում Ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության կենտրոնական դերով եւ գյուղատնտեսական համակարգերի ընդհանուր խոցելիությամբ: Եվրոպական հանձնաժողովը նաեւ ընդունում է, որ Ուկրաինայից եւ Մոլդովայից «ժամանակ եւ ջանք կպահանջվի», քանի որ ԵՄ-ն «պետք է ապահովի, որ իր քաղաքականությունը, այդ թվում՝ ԸԳՔ—ն, համապատասխանի ընդլայնված Միության պահանջներին»: Էլեկտրոնային փոստով իրավիճակն այսպես է մեկնաբանել Եվրոպական հանձնաժողովի խոսնակը։
«Ավելի բարդ, քան պատերա՞զմը։ Քան Հոլոդոմո՞րը։ Ես այդպես չեմ կարծում։ Մենք կհարմարվենք», – կատակում է Ուկրաինայի արեւմուտքում գտնվող Լվով քաղաքից ֆերմեր Վոլոդիմիր Ռեւերը։ Նրա պես բազմաթիվ այլ ֆերմերներ եւս դարձել են եւ՛ զոհեր, եւ՛ զինվորներ այն պատերազմի, որը Ռուսաստանը սանձազերծել է իրենց բերրի հողերում։
Ուկրաինայի հողը աշխարհի ամենահարուստներից մեկն է։ Գիտնականներն այն անվանում են «չեռնոզեմ» (սեւ հող)՝ հողում օրգանական նյութերի կուտակման հետեւանքով առաջացած օրգանական մուգ գույնի պատճառով։ Սա կոչվում է հումուս՝ «բույսերի աճի համար անհրաժեշտ սննդանյութ»,- բացատրում է Խորտիցայի ազգային արգելոցի հետազոտող Միխայլո Մուլենկոն։
«Կենտրոնական Ուկրաինայի որոշ շրջաններում հումուսի շերտը կարող է հասնել մինչեւ մեկ մետր հաստության, ինչը բացառիկ է»,- ասում է Մուլենկոն: Հումուսի խորությունն այն ավելի դիմացկուն է դարձնում ժամանակակից գյուղատնտեսության ագրեսիվ մեթոդների նկատմամբ՝ նպաստելով դրա բերրիության պահպանմանը:
Շատ բան է փոխվել ներխուժման սկզբից ի վեր, երբ Ուկրաինայի հյուսիսից եւ հարավից ռուսական տանկերի առաջխաղացումը թվում էր անկասելի։ Այդ ժամանակ ռուսական նավերը շրջափակել էին Օդեսայի նավահանգիստը, որտեղով իրականացվում էր Ուկրաինայի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ավելի քան 80%-ը, հրթիռներն ու ռումբերը ոչնչացրել էին Խարկովի սննդի եւ սերմերի վերամշակման գործարանները, իսկ Չեռնիգովում եւ Սումիում թիրախավորել էին մշակաբույսերն ու գյուղատնտեսական տեխնիկան։ Այն տարածքներում, որոնց միջով անցել էին ռուսական զորքերը, հողը լի էր ականներով։
Բայց նրանց հաջողվեց կանգնեցնել, իսկ Ուկրաինային հաջողվեց պահպանել Օդեսայի նավահանգստի նկատմամբ վերահսկողությունը, ստեղծել արտահանման ծովային եւ երկաթուղային նոր ուղիներ (Ռումինիայի եւ Լեհաստանի նման երկրների համագործակցությամբ), փրկել իր սերմերն ու բերքը, ինչպես նաեւ վերակազմակերպել լոգիստիկան եւ վառելիքի մատակարարման շղթաները։
«Դա կարծես եւս մեկ ռազմաճակատ լինի. հացը մեզ համար սրբություն է, իսկ ցանքսը՝ կյանքի խորհրդանիշ։ Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչ է դա նշանակում ուկրաինացիների համար, ովքեր վերապրել են երկու համաշխարհային պատերազմներ եւ սով»,- ասում է Ուկրաինայի ագրարային քաղաքականության եւ սննդի նախկին նախարար Ռոման Լեշչենկոն։
Ֆրանսիական Agrillées վերլուծական կենտրոնի մատակարարման շղթաների եւ շուկաների ղեկավար Իվ Լը Մորվանը նշում է, որ խոսքը միայն «հողի եզակի բերրիության ներուժի» մասին չէ։ «Ուկրաինան ունի ուժեղ մարդկային կապիտալ եւ դիմացկուն լոգիստիկա, առեւտուր եւ վերամշակման շղթաներ»,- ասում է նա։
Սակայն այս միջոցառումներն արդեն հարեւան երկրների հետ լարվածության պատճառ են դարձել։ Հունգարիան, Լեհաստանը եւ Սլովակիան այնքան հեռու են գնացել, որ նույնիսկ արգելքներ են սահմանել Ուկրաինայից ներմուծման վրա։ Դանուց Անդրուշը ֆերմեր է, որի դեմքը դարձավ ընդդեմ ուկրաինական ապրանքների ռումինացի ֆերմերների բողոքի ցույցերի խորհրդանիշը, որոնց ընթացքում տրակտորները փակել էին Բուխարեստ տանող գլխավոր ճանապարհը։ Այն ժամանակ Ուկրաինային մեղադրում էին անարդար մրցակցության մեջ։ Այսօր ֆերմերը այլեւս այդքան կտրուկ դեմ չէ Ուկրաինայի եւ Մոլդովայի եվրոպական ինտեգրմանը։ «Ես չեմ կարծում, որ դա լավ բան է, քանի որ այն անկայունացնում է շուկան։ Բայց յուրաքանչյուր ազգ իրավունք ունի անել այն, ինչ ուզում է. քանի դեռ նրանք հետեւում են կանոններին, ես առարկություններ չունեմ»,- ասում է նա։
Սակայն հենց այս հնարավոր անկայունացումը, որը պայմանավորված է այնպիսի խոշոր գյուղատնտեսական արտադրողի մուտք գործելով, ինչպիսին Ուկրաինան է, կարող է հնարավորություն դառնալ Եվրոպական հանձնաժողովի համար՝ սկսելու ԸԳՔ-ի լայնածավալ բարեփոխում: Այս գործընթացը քննարկվում է արդեն երկար տարիներ:
Ուկրաինական հողը աշխարհի ամենահարուստ հողերից մեկն է։ Գիտնականները այն անվանում են չերնոզեմ (սև հող)։ Լուսանկար՝ Ալիսիա Ալամիլոս
Մինչ օրս ԵՄ-ն անցել է ընդլայնման յոթ փուլ։ Ամենավերջինները եղել են 2007 (Ռումինիա եւ Բուլղարիա) եւ 2013 թվականներին (Խորվաթիա)։ Լը Մորվանի խոսքով՝ նախորդ փուլերից միայն 1986 թվականին Պիրենեյան թերակղզու եւ 2004 ու 2007 թվականներին Կենտրոնական Եվրոպայի երկրների ընդլայնումները կարելի է համեմատել ներկայիս բանակցությունների հետ՝ «աշխարհաքաղաքական նշանակության եւ գյուղատնտեսության վրա ազդեցության առումով»։
1986 թվականի ընդլայնմամբ (Իսպանիա եւ Պորտուգալիա) ԵՄ գյուղատնտեսական հողերի մակերեսն ավելացավ 30%-ով, մինչդեռ 2004–2007 թվականների ընդլայնումներով դրանք ավելացան 44%-ով։ Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բալկանյան երկրների ներառմամբ ընդլայնումը կհանգեցնի 28% աճի։
Լը Մորվանը նշում է, որ 1986 թվականին բավարար էր պարզ «կարգավորվող գների միջոցով ճշգրտումը՝ զուգորդված փուլային իրականացման ժամանակացույցի հետ»։ 2004-2007 թվականներին պահանջվեց ԸԳՔ-ի մանրակրկիտ նախնական բարեփոխում, «որը ստեղծեց տարածքային վճարումների համակարգ եւ թույլ տվեց դրանց աստիճանական ներդրումը նոր անդամ պետություններում»։ Ապագայում ԸԳՔ-ի աննշան ճշգրտումը բավարար չի լինի։ «Ուկրաինան Լեհաստան չէ։ Այն ունի նախկին Խորհրդային Միությունից ժառանգած գյուղատնտեսական մոդել՝ հողի սեփականության կառուցվածքներով եւ բիզնես գործելակերպերով, որոնք չեն տեղավորվում ԵՄ համակարգում»,- բացատրում է փորձագետը։
Հետեւաբար, նա ընդգծում է երկու տարբերակ՝ կամ անդամակցությունը «չի ենթադրում լիիրավ անդամակցություն», կամ ԸԳՔ-ն վերստին ենթարկվում է խորքային բարեփոխման՝ ներառյալ երկարաժամկետ երաշխիքները։
«ԸԳՔ—ն կարող է զգալի փոփոխությունների ենթարկվել»,- ասում է Sciences Po-ի գյուղատնտեսական քաղաքականության հետազոտող Էլզա Ռենիեն: Նա նշում է, որ ներկայումս եվրոպական մակարդակով բանակցություններ են ընթանում 2028-2034 թվականների շրջանակը սահմանելու համար: Եթե Ուկրաինան միանա, Եվրոպական միությունը կարող է կամ զգալիորեն մեծացնել ԸԳՔ-ի բյուջեն (որը ներկայումս կազմում է ԵՄ բյուջեի մոտավորապես 23-25%-ը), կրճատել անդամ պետությունների կողմից ստացվող հատկացումները, կամ Ուկրաինային առաջարկել արտադրության հետ կապ չունեցող վճարային սխեմա՝ հիմնված երկրի գյուղատնտեսական տարածքի վրա:
«ԸԳՔ—ն անընդհատ զարգանում է եւ կշարունակի զարգանալ»,- մեկնաբանել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակը։ Ամեն ինչ կախված կլինի բանակցություններից։
Սակայն առայժմ ստեղծված իրավիճակը կարող է աշխարհաքաղաքական հնարավորություն ներկայացնել ԵՄ-ին։
Նախ՝ ռուսական ներխուժումը, ապա՝ Իրանի պատերազմը եւ ագրեսիվ Չինաստանի ամենուրեք առկա ստվերը. այս ամենը հստակ ցույց է տալիս, որ պարենային ինքնիշխանությունն աշխարհաքաղաքական հրամայական է: Ուկրաինայի՝ «աշխարհի հացի զամբյուղի» անդամակցությունը ԵՄ-ին կարող է դիրքավորել միությունը որպես գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրող եւ արտահանող՝ միաժամանակ ամրապնդելով դրա ներքին դիմակայունությունը: «ԵՄ—ի ընդլայնման քաղաքականությունը, ավելի քան երբեւէ, աշխարհառազմավարական ներդրում է խաղաղության, կայունության, ազդեցության, մրցունակության եւ երկարաժամկետ անվտանգության մեջ»,- մեկնաբանել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակն իր հարցազրույցում:
Մոլդովան արդեն անցել է այս ճանապարհի մի մասը եւ նրա փորձը օգնում է պատկերացնել որոշ մարտահրավերներ, որոնց կբախվի Ուկրաինան։ 2014 թվականին այն ստորագրեց Ասոցացման համաձայնագիր, որը նախատեսում էր անդամակցություն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն (ԽՀԱԱԳ): Դրա նպատակն է աստիճանաբար ինտեգրել Մոլդովայի տնտեսությունը ԵՄ միասնական շուկային։ ԽՀԱԱԳ-ն նախատեսում է ապրանքների լայն տեսականու վրա մաքսատուրքերի կրճատում կամ վերացում, սահմանային ընթացակարգերի պարզեցում եւ ավելի կայուն եւ կանխատեսելի առեւտրային միջավայրի ստեղծում։ Մոլդովացի գյուղատնտեսական արտադրողների համար ԽՀԱԱԳ-ն հասանելիություն է բացել աշխարհի ամենամեծ սպառողական շուկային, որն ունի ավելի քան 450 միլիոն սպառող։
Սա ակնհայտ հաջողություն է փոքր երկրի համար, որը 2025 թվականին դարձավ ԵՄ արեւածաղկի սերմերի հիմնական մատակարարը՝ 57.5% շուկայական մասնաբաժնով։ ԵՄ-ն նաեւ մոլդովական մրգերի, այդ թվում՝ սալորի, խնձորի, սեղանի խաղողի եւ բալի արտահանման հիմնական շուկան է։
Սակայն այս հաջողությունը պահանջում է զգալի ներդրումներ: ԽՀԱԱԳ-ի համաձայն՝ մոլդովացի փոքր ֆերմերները պետք է համապատասխանեն զգալիորեն ավելի խիստ բուսասանիտարական չափորոշիչներին եւ ԵՄ հետագծելիության պահանջներին:
«Մենք արդեն արտադրում ենք ԵՄ կանոնակարգերին համապատասխան, բայց առանց այն աջակցության, որը ստանում են եվրոպացի ֆերմերները»,- ափսոսանք է հայտնում մոլդովացի ֆերմեր Դանիել Լեահուն՝ երկրի հյուսիսից։ Նրա արտադրանքը (ցորեն, գարի, ոլոռ, կանոլա, արեւածաղիկ եւ սորգո) ԵՄ շուկա է մտնում առեւտրային միջնորդների միջոցով։ Նա պնդում է, որ այս արտահանողները «խնդիրներ չունեն» իր ապրանքների հետ, քանի որ ֆերմերները «100%-ով համապատասխանում են ԵՄ պահանջներին՝ տեխնոլոգիաներից մինչեւ պարարտանյութեր եւ թունաքիմիկատներ»։
Սակայն այս ամենը գումար արժե։ «Մեզ այլեւս թույլ չեն տալիս անել այն, ինչ նախկինում թույլատրվում էր, եւ դա արտադրությունն ավելի թանկ է դարձնում։ Մենք հետեւում ենք կանոններին, բայց փոխարենը ոչինչ չենք ստանում։ Եվրոպացի ֆերմերներին վճարում են օրգանական գյուղատնտեսություն վարելու, առողջ սնունդ արտադրելու եւ արտանետումները կրճատելու համար։ Մենք նույնն ենք անում, բայց առանց վճարի»։
Չնայած մոլդովացի ֆերմերները պարտավոր են համապատասխանել չափանիշներին, նրանք դեռեւս չեն ստանում սուբսիդիաներ, ուղղակի վճարումներ կամ չեն մասնակցում անդամ պետություններում ֆերմերների համար հասանելի այլ մեխանիզմների (մոլդովացի ֆերմերների համար վարկերի տոկոսադրույքները կազմում են մոտավորապես 13%՝ համեմատած ԵՄ ֆերմերների համար նախատեսված 3-5%-ի հետ): Մոլդովացի ֆերմերները ընդգծում են, որ շատ փոքր եւ միջին արտադրողներ չեն կարող ծածկել ԵՄ անդամակցությանը նախապատրաստվելու լրացուցիչ ծախսերը՝ առանց շարունակական ֆինանսական աջակցության:
Մոլդովացի ֆերմերները պահանջում են իրատեսական անցումային ժամանակաշրջանների սահմանում եւ ոլորտի աստիճանական հարմարվողականության եւ պաշտպանության պետական ծրագրերի մշակում։
«Ով ուզում է վաճառել, կվաճառի։ Ով ուզում է աշխատել, կաշխատի։ Եվրոպական շուկան չի խլում մեր հողը. այն պահանջում է որակ։ Մենք ունենք լավ հող, մենք ունենք մարդիկ, ովքեր գիտեն աշխատել։ Մնացածը կախված է նրանից, թե ինչպես կորոշենք գործել ավելի մեծ շուկայում»,- ասում է մոլդովացի ֆերմեր Իոն Տուլեյը։ Նրա կարիերան կատարյալ կերպով արտացոլում է արտաքին շուկայից դեպի ԵՄ ինտեգրում այս անցումը։
2009 թվականին նա ուներ ընդամենը 10 հեկտար պտղատու այգիներ։ Այն ժամանակ «ապրանքները հեշտությամբ էին վաճառվում՝ առանց որեւէ հատուկ պահանջի»։ Սակայն միջազգային քաղաքականությունը խաթարեց նրա բիզնեսը։ 2014–2015 թվականներին Ռուսաստանը խիստ էմբարգո սահմանեց մոլդովական գյուղատնտեսական արտադրանքի վրա՝ ի պատասխան երկրի ԵՄ-ի հետ մերձեցմանը։ Տուլեյը ստիպված էր այլընտրանքներ փնտրել, եւ 2016–2017 թվականներին նրա ապրանքների առաջին խմբաքանակները արտահանվեցին Գերմանիա։ Դրան հաջորդեցին «բազմաթիվ բարդ որոշումներ». որակի դասակարգում, մրցակցային փաթեթավորում, պատշաճ պահպանում… Միջազգային հավաստագրերը, ինչպիսիք են GlobalG.A.P.-ը, GRASP-ը, SMETA-ն եւ այժմ՝ IFS-ը, դարձել են պարտադիր։
Իոն Տուլեյ, մոլդովացի ֆերմեր։ Լուսանկար՝ Օքսանա Բոդնար
«Երբ մուտք ես գործում այս համակարգ, հասկանում ես, որ խոսքն այլեւս միայն վաճառքների մասին չէ։ Խոսքը գործընթացների, արտադրանքի հետագծելիության եւ հաշվետվողականության մասին է։ Գործնականում դու կարող ես արտահանել ցանկացած վայր», – բացատրում է ֆերմերը, որն այժմ կառավարում է 135 հեկտար եւ աճեցնում է բազմապիսի մրգեր (խնձոր, բալ, սալորաչիր, խաղող եւ ծիրան):
Նրանց համար, ովքեր արդեն սկսել են այս գործընթացը, եվրոպական ինտեգրումը վերացական խոստում չէ, այլ՝ իրականություն։ «Մենք գործնականում արդեն Եվրոպական միության մաս ենք կազմում՝ բացի անունից։ Կարծում եմ՝ մեզ համար շատ բան չի փոխվի, բացառությամբ, թերեւս, որոշ բյուրոկրատական ընթացակարգերի անհետացման»։
Նրա խոսքով՝ իրական օգուտները բաժին կհասնեն այն ֆերմերներին, ովքեր դեռ չեն ձեռնարկել այս քայլը՝ շուկաներ ավելի հեշտ մուտք, հստակ կանոններ, կայունություն եւ արդիականացման խթաններ։
ԵՄ նոր գյուղատնտեսական ընդլայնման վերաբերյալ մտահոգություններ հաճախ հայտնում են Ֆրանսիայի, Իսպանիայի եւ Լեհաստանի ֆերմերները, ովքեր անհանգստանում են, որ ավելի էժան գյուղատնտեսական արտադրանքի մեծ ներհոսքը (նույնիսկ եթե այն համապատասխանում է բուսասանիտարական չափանիշներին, Ուկրաինայում եւ Մոլդովայում արտադրական ծախսերը, որպես կանոն, ավելի ցածր են) կարող է անկայունացնել շուկան: Այնուամենայնիվ, թեկնածու երկրների ֆերմերները նույնպես լուրջ դժվարությունների են բախվում եվրոպական շուկաներ մուտք գործելու հարցում: «Եվրոպական շուկան շատ բարդ է: Այն ունի չափազանց բարձր պահանջներ որակի, ծավալի եւ մատակարարման կայունության նկատմամբ»,- ափսոսանք է հայտնում Դինու Տոդոսը՝ մեկ այլ մոլդովացի ֆերմեր, որը ԵՄ մատակարարման շղթաներին միանալու հեռանկարները շատ սահմանափակ է համարում:
«Եթե չլինի նախաանդամակցային ֆինանսական աջակցություն եւ անցումային շրջան, փոքր եւ միջին գյուղատնտեսական բիզնեսները պարզապես կանհետանան»,- ասում է Ալեքսանդրու Սլուսարին՝ «Ֆերմերների ուժ» ասոցիացիայի նախկին գործադիր տնօրենը: «ԵՄ բնապահպանական չափանիշները չափազանց խիստ են, եւ նույնիսկ եվրոպացի ֆերմերները կասկածի տակ են դնում դրանք: Ապաածխածնայնացման հարկերը եւ պարարտանյութերի ու թունաքիմիկատների նկատմամբ սահմանափակումները մեծացնում են արտադրական ծախսերը: Եթե Մոլդովան դրանք անմիջապես ներդնի՝ առանց անցումային շրջանների, դա կհանգեցնի ֆերմերների զանգվածային սնանկացման ռիսկի»:
Եվրոպացի ֆերմերներն արդեն ստացել են փոխհատուցում, սակայն մոլդովացի եւ ուկրաինացի արտադրողները ստիպված կլինեն մեկ գիշերվա ընթացքում կրել այդ ծախսերը։
Մոլդովայի խորհրդարանի գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ եւ մասնագիտությամբ ֆերմեր Սերգեյ Իվանովը 2025 թվականին խորհրդարան է ընտրվել ընդդիմադիր «Մեր կուսակցության» ցուցակով։ Նա բացատրում է, որ ֆերմերները ինտեգրացիան համարում են «երկսայրի սուր»։ Մի կողմից, նախագծերին եւ ֆինանսավորմանը հասանելիությունը ողջունելի է։ Մյուս կողմից, նրանք մտնում են բարձր մրցակցային շուկա։ Ամենամեծ մտահոգությունը գյուղատնտեսական հողերի հարցն է։ Մոլդովական հողերը Եվրոպայում ամենաէժաններից են։
«Մեզ անհրաժեշտ է հստակ մորատորիում։ Մենք չենք կարող թույլ տալ Գերմանիայից եկած ֆերմերներին, որտեղ հողի արժեքը մեկ հեկտարի համար 30,000 եվրո է, գալ եւ զանգվածաբար հող գնել Մոլդովայում։ Մեզ անհրաժեշտ է անցումային շրջան, մինչեւ մեր ֆերմերները դառնան տնտեսապես կայուն եւ կարողանան մրցակցել հավասար պայմաններում», — ասում է Իվանովը։
Ի տարբերություն Մոլդովայի, Ուկրաինայում հողի սեփականության կառուցվածքը հատուկ մարտահրավեր է ներկայացնում Եվրոպական միության համար: Խորհրդային դարաշրջանի կոլեկտիվացման արդյունքում Ուկրաինայի գյուղատնտեսական հողերը կազմակերպված են միջին եւ խոշոր ձեռնարկությունների: Ֆերմերային տնտեսության միջին չափը կազմում է 649 հեկտար (համեմատած Ֆրանսիայի 60-70 եւ Լեհաստանի 11-12 հեկտարի հետ): Միջին ձեռնարկությունները զբաղեցնում են մոտավորապես 1493 հեկտար, մինչդեռ խոշոր գյուղատնտեսական տնտեսությունները զբաղեցնում են հազարավոր կամ ավելի հեկտարներ: Դրանք հաճախ ուղղահայաց ինտեգրում են ամբողջ արժեքային շղթան՝ ստեղծելով ԵՄ չափանիշներով գյուղատնտեսական օլիգոպոլիաներ, որոնք դեռեւս չեն գնահատվել մրցակցային տեսանկյունից:
«Եվրոպայի՝ ուկրաինական գյուղատնտեսությունն իր ներկայիս տեսքով ինտեգրելու կարողությունը նաեւ հակառակ հարցն է առաջացնում՝ Ուկրաինայի հարմարվողականությունը ԵՄ կանոններին եւ նրա բիզնես մոդելին»,- եզրափակում է Լը Մորվանը։
«Սա մեզ համար ինտենսիվ ներքին աշխատանքի տարի է»,- ասել է Ուկրաինայի նախկին փոխվարչապետ Տարաս Կաչկան «Գյուղատնտեսական ոլորտը դեպի ԵՄ ճանապարհին. որտեղ ենք մենք եւ ինչ է սպասվում ապագայում» խորագրով հանդիպման ժամանակ։ Միջոցառումը տեղի է ունեցել հունվարի 27-ին Վիննիցայում, որը Ուկրաինայի հիմնական գյուղատնտեսական շրջաններից մեկն է։ Կաչկան նշել է, որ արդեն իսկ աշխատանքներ են տարվում անհրաժեշտ օրենսդրական շրջանակի ստեղծման ուղղությամբ՝ «ներառյալ ռազմավարական պլանավորումը, վճարային գործակալությունը եւ թվային գործիքները»։
Ոչ մի ճանապարհ անխոչընդոտ չէ, բայց Սլուսարին եվրոպական ինտեգրացիան համարում է միակ հնարավորությունը գյուղատնտեսության մոդեռնիզացիայի համար․
«Եվրոպական միությանը միանալը, ըստ էության, գյուղատնտեսությունն արդիականացնելու միակ հնարավորությունն է։ Արեւելյան Եվրոպայի երկրները լայնածավալ արդիականացում են ապրել անդամակցությանը նախապատրաստվելիս, երբ հասանելիություն են ստացել ֆինանսավորմանը։ Եթե Մոլդովան իմաստուն կերպով բանակցի եւ առաջնահերթություն տա փոքր եւ միջին ֆերմերներին, ապա հինգ տարի հետո մենք կարող ենք հասնել Ռումինիայի կամ Սլովակիայի մակարդակին»,- եզրափակում է Սլուսարին։
Հեղինակներ՝ Լոլա Գարսիա Աջոֆրին, Ալիսիա Ալամիլոս եւ Օքսանա Բոդնար
Հոդվածի բնօրինակը հրապարակվել է իսպաներեն լեզվով El Confidencial-ում։
Գլխավոր լուսանկարը՝ Օքսանա Բոդնար
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: