ՔՊ խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ առաջադրեց Կոնջորյանին և Ալեքսանյանին, «Ուժեղ Հայաստանը»՝ Վարդևանյանին


Խորհրդարանը քննարկում է ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը:


«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 137-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին:


Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածուն կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից: 


ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 


«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 7.1 մասի համաձայն՝ եթե ԱԺ նախագահի տեղակալի թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված թեկնածուն երեք անգամ չի ընտրվում, ապա այդ տեղակալի ընտրության հարցի քննարկումը համարվում է ավարտված, և քննարկվում է ԱԺ նախագահի հաջորդ տեղակալի ընտրության հարցը: 


ԱԺ նախագահի տեղակալի առաջին պաշտոնում թեկնածուի առաջադրման համար ձայնը տրվեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանին:


Նա հայտնեց՝ ՔՊ խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ է առաջադրել Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին: 


ԱԺ նախագահի տեղակալի երրորդ պաշտոնում ընդդիմադիր թեկնածուին առաջադրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որը հայտնեց՝ խմբակցությունն առաջադրել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը:  

Leave a comment