«Մեզ մի ստիպեք թուրքերին սիրել»։ «Ժողովուրդն ընտրում է իրական Հայաստան, դուք դեգերում եք պատմական Հայաստանում»․ Արեգա Հովսեփյանի կոչն ու Արայիկ Հարությունյանի արձագանքն ընդդիմադիրներին

«Բոլորովին վերջերս տեղի է ունեցել պատմության մեջ տիեզերական մակարդակի աննախադեպ երևույթ, Երկիր մոլորակը դադարել է պտտվել, կանգ է առել ժամանակը։ Գիտնականները պարզել են, որ դա տեղի է ունեցել կոնկրետ օր ու վայրում՝ ՀՀ-մայրաքաղաք Երևանում՝ ԿԸՀ-ում, որտեղ ժամանակը հունիսի 7-8-ի գիշերը կանգ է առել, քանի որ հայ ժողովրդի ձայները գողանալու հրաման է եղել»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

Նա նշեց՝ իրենց երիտասարդ քաղաքական ուժով համոզված են, որ ՀՀ-ն կարող է լինել ազատ, ուժեղ և տնտեսապես ավելի կայուն ու բարեկեցիկ․ «Նաև համոզված ենք, որ դրա համար անհրաժեշտ է հեռացնել ոչ լեգիտիմ, ահռելի կեղծարարության և ընտրախախտումների համակարգի կիրառմամբ անգամ 50+ տոկոս չհավաքած ուժին։ Մեր առաջնային օրակարգը հենց այս ուժի հեռացումն է»։

Նա համարում է, որ ԱԺ-ում բարեկիրթ միջավայրի ձևավորման առաջին պատասխանատուն իշխանությունն է։

Անդրադառնալով իշխանության որոշ ներկայացուցիչների այն կարծիքներին, թե հակաթուրքականությունը հայրենասիրություն չէ, Արեգա Հովսեփյանն ասաց․ «Այո, հայրենասիրությունը շատ ավելի մեծ գաղափար է։ Անկեղծ՝ ես չեմ սիրում թուրքերին, ունեմ պատճառներ։ Ո՞նց կարող ենք մենք սիրել թուրքերին, եթե դուք սիրում եք, մի ստիպեք, որ ուրիշները ևս սիրեն»։

Հետո էլ հայտարարեց՝ այս ամբիոնից այսուհետ հաճախ են լսելու ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի բնութագրմամբ՝ հայերենի՝ տարածվածությամբ և խոսողների թվով ամենամեծ արևելահայ բարբառը և Արցախի բարբառով դիմեց արցախցիներին։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը, արձագանքելով ընդդիմադիրների քննադատություններին՝ նշեց․ «Քաղաքացիները որերորդ անգամ քվեարկում են հանուն իրական Հայաստանի, բայց դուք դեռ դեգերում եք պատմական Հայաստանում։ Քաղաքացին մերժել է սա, եթե «Ուժեղ Հայաստանը» շարունակի այդ տրամաբանության մեջ զարգանալ, արժանանալու է մյուս գործընկերների ճակատագրին, երբ 60-70 տոկոսով կրճատվեց նրանց խմբակցությունը և հաջորդին ընդհանրապես այստեղ չեն լինի»։

Անդրադառնալով Արեգա Հովսեփյանի և մյուս ընդդիմադիր պատգամավորների՝ իշխանությանն ուղղված այն քննադատությանը, որ գողացել են քաղաքացիների ձայները, Արայիկ Հարությունյանն ասաց․ «Անընդհատ ասում եք՝ իշխանությունը փոխել է, կեղծել է թվերը, խնդրում եմ՝ այն, ինչ արել եք, մեզ մի վերագրեք։ ՍԴ-ում ձեզնից ոչ մեկը որևէ ապացույց չի ներկայացրել, որ տեղամասերում ընտրությունների արդյունքները փոխվել են։ Հետևաբար իշխանության վերլուծությունն էր՝ տվյալ պահին ունեցած իր թվերով և այն օրենքով, որը կա, որ ինքը ձևավորում է իշխանություն»։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի այն արձանագրումներին, թե Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ դարձավ վարչապետ, ինչի համար ժամանակին պայքարում էր, Արայիկ Հարությունյանն ասաց․ «Մերկելը 4 անգամ Գերմանիայի կանցլեր է դարձել այն նույն օրենքների տրամաբանությամբ, որ մենք ունենք։

 

 

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment