«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի նախագահի ընտրության քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից եզրափակիչ ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Պատգամավորն անդրադարձավ Հայաստանի ներկայիս «ճակատագրական ժամանակաշրջանին»՝ ընդգծելով, որ վերջին 700 տարվա մեջ առաջին անգամ է, որ հայ ժողովուրդը տնօրինում է սեփական ապագան։

Ըստ պատգամավորի՝ երկիրն այսօր կանգնած է երեք առանցքային մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են հայ քաղաքական մտքի կոնսոլիդացիա և սթափ հաշվարկ։

«Առաջինը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն է։ Խաղաղության պայմանագիրը առանցքային է մեր երկրի զարգացման համար և մեր մարդկանց՝ մեր հայրենակիցներին, մերոնց հետ բերելու համար Բաքվի բանտերից։ Խաղաղության պայմանագիրը մեր երկրի առջև ծառացած կարևոր խնդիրներից երևի ամենակարևորներից մեկն է։ Մենք, հայ քաղաքական միտքը պետք է կարողանա լուծել այդ հարցը մեկ ուղղակի, մեկ կարևոր հարց լուծելով զուգահեռ, որպեսզի թույլ չտրվի Ադրբեջանին հնարավորություն ստանալ խաղաղության պայմանագրի շրջանակներում ապահովել այնպիսի պայմաններ, որ ունենա ժողովրդագրական ներկայություն մեր երկրում»։

Նա մեջբերեց Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությունը՝ կապված «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի հետ, և առաջարկեց կոնկրետ լուծում՝ ընդունել, այսպես կոչված, «Հակասաֆարովյան օրենք»։

«Այս օրենքով ուղղակի իրավունք չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավել գտնվել մեր երկրում և ունենալ գույք կամ հող այստեղ։ Դրանով մեր հարցերը սպառվում են։ Դուք կարող եք լուծել այդ հարցը։ Մենք առաջարկ կանենք մոտակա ժամանակահատվածում և իրար հետ կարող ենք այդ հարցը մեր քաղաքական օրակարգից վերջապես հանել։ Ի դեպ, Թուրքիայի Հանրապետությունը այդպիսի օրենք ունի նաև մեր մասին. մեր երկրի քաղաքացիները իրավունք չունեն այնտեղ հող գնելու, ընկերության միջոցով կա»։

Որպես երկրորդ մարտահրավեր, պատգամավորը մտահոգություն հայտնեց գյուղատնտեսության ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նա նշեց, որ վերջին ութ տարում գյուղացիների վարկային բեռը եռապատկվել է, մինչդեռ ոլորտում աճ չկա։

«Ութ տարվա ընթացքում մեր գյուղացիները երեք անգամ ավելի շատ վարկ ունեն, քան ունեին ութ տարի առաջ, բայց գյուղատնտեսությունը նույն մակարդակի վրա է, մինչև նախանցած տարի անկում էր ապրում։ Ի՞նչ է սա նշանակում. որ գյուղատնտեսական նույն շրջանառության պայմաններում մեր գյուղացին երեք անգամ ավելի շատ վարկ ունի, և եթե փակվում է վաճառքը դեպի մեր համար շատ կարևոր տնտեսական գործընկերների շուկա, այս գյուղացիները սնանկանալու են, այս արտադրությունների տերերը սնանկանալու են, իրենց սեփականությունը, տները գնալու են բանկերին։ Սա մի մարդ չի, հազար մարդ չի, տասնյակ հազարավոր մարդիկ։ Մենք պետք է լուծենք այս հարցը։ Հայ քաղաքական միտքը վեց ամսվա ընթացքում ունի մարտահրավեր և պետք է լուծի այս հարցը։ Այստեղ այդ հարցի լուծումը կարող է տրվել»,- նշեց Կարապետյանը։

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը՝ պատգամավորը երրորդ մարտահրավերի մասին խոսեց, նշելով՝ հարաբերությունների կարգավորումը չպետք է տեղի ունենա Ցեղասպանության ճանաչման հաշվին։

«Թուրքիայի հետ հնարավոր է կարգավորել հարաբերությունները առանց Ցեղասպանության գաղափարի, առանց Ցեղասպանության՝ մեր երկրի, մեր բազմաթիվ, բազմահազարանոց ընտանիքների անձնական հիշողությունների մոռացման, որովհետև գլխավոր հարցը, որ կար, ցավոք, լուծվել է, բայց լուծվել է արյունով։ Մեր խնդիրն է ապահովել, որպեսզի Թուրքիայի հետ սահմանը բացվի, բայց դա չարվի Ցեղասպանության ճանաչման հաշվին։ Կարևոր բան է, քանի որ Ցեղասպանության գաղափարը միավորում է մեզ և Սփյուռքին, քանի որ Ցեղասպանության գաղափարը դա ապահովագրություն է մեզ ապագայում, որպեսզի այլևս չկրկնվի»։

Ելույթի ավարտին խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք դեմ ենք քվերակելու Ռուբեն Ռուբինյանի ընտրությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment