Իրանը հայտնել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ներկայում բանակցություններ չեն ընթանում

Քաղաքականություն

03.08.2026 | 13:02

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ներկայում Միացյալ Նահանգների հետ բանակցություններ չեն անցկացվում, սակայն Օմանի հետ բանակցություններ են ընթանում ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ։

«Մենք ներկայում Միացյալ Նահանգների հետ բանակցություններ չենք վարում։ Մեր բանակցություններն Օմանի հետ են՝ Հորմուզի նեղուցով անցումն ապահովելու համար»,- շաբաթական ճեպազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ  Էսմայիլ Բաղային։

Ըստ նրա՝ Իրանը բանակցում է Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցով նավերի համար անվտանգ, «ժամանակավոր» երթուղի ստեղծելու վերաբերյալ։

«Նպատակն է Օմանի հետ խորհրդակցելով հնարավորինս շուտ որոշել մի երթուղի, որը ժամանակավոր բնույթ կունենա և կապահովի Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը»,- ասել է իրանցի պաշտոնյան։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունները կվերսկսվեն երկուշաբթի՝ ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ հայտնել էր, որ չեղյալ է հայտարարել Իսլամական Հանրապետության վրա «զանգվածային հարձակումը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment