Չինաստանը տնտեսական քաղաքականության «կարմիր գծեր» է սահմանել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ առևտրային բանակցություններից առաջ․ Reuters

Չինաստանի ղեկավարությունը հաստատել է իր հավատարմությունը գործող տնտեսական քաղաքականությանը՝ նախապատվությունը տալով արդյունաբերության և բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացմանը՝ լայնածավալ ներքին սպառման խթանման փոխարեն, ինչին ձգտում են արևմտյան գործընկերները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ Չինաստանի կոմունիստական կուսակցության Քաղբյուրոյի նիստում վերահաստատվել է երկրի ներկայիս տնտեսական ռազմավարությունը։ Միաժամանակ Չինաստանի առևտրի նախարարությունը հրապարակել է փաստաթուղթ, որով մերժել է Արևմուտքի մեղադրանքները «արտադրական ավելցուկային հզորությունների» վերաբերյալ՝ դրանք որակելով քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։

Բացի այդ, Չինաստանի կոմունիստական կուսակցության Qiushi տեսական հանդեսը պաշտպանել է ներդրումների և արտադրության զարգացման վրա հիմնված տնտեսական աճի մոդելը։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ այս հայտարարությունները վկայում են, որ Պեկինը բանակցություններից առաջ հստակ «կարմիր գծեր» է սահմանում Վաշինգտոնի և Բրյուսելի համար՝ ազդարարելով, որ մտադիր չէ էական զիջումների գնալ արդյունաբերական քաղաքականության հարցերում։

Reuters-ի փոխանցմամբ՝ Չինաստանում կարծում են, որ անցած տարվա ԱՄՆ-ի հետ մաքսատուրքային դիմակայությունից հետո երկիրը դարձել է ավելի դիմացկուն արևմտյան տնտեսական ճնշումների նկատմամբ և ակնկալում է կարգավորել առևտրային տարաձայնությունները՝ առանց իր տնտեսական ռազմավարության հիմնարար սկզբունքները փոխելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment