Նոր Mazda MX-5․ ինչ է հայտնի մոդելի մասին

Ինչպե՞ս տեղավորել մարտկոցները և միաժամանակ պահպանել վարորդական հաճույքը։ Թվում է՝ Mazda-ում գտել են այս հարցի պատասխանը՝ աշխատելով MX-5 ռոդսթերի նոր սերնդի վրա։

Ընկերության գլխավոր տնօրեն Մասահիրո Մորոն Auto Motor und Sport-ին տված հարցազրույցում հաստատել է, որ NE գործարանային ինդեքսով նոր մոդելն ի սկզբանե նախագծվել է նաև ամբողջությամբ էլեկտրական տարբերակի ստեղծման հաշվարկով։

Պատճառը պարզ է․ արտանետումների նկատմամբ պահանջներն այնքան են խստանում, որ ներքին այրման շարժիչների դարաշրջանը կարող է ավարտվել ավելի արագ, քան շատերն են պատկերացնում։ Mazda-ն ցանկանում է պատրաստ լինել այդ փոփոխություններին, սակայն առանց ծայրահեղ լուծումների։

MX-5-ի գլխավոր առանձնահատկությունը միշտ եղել է փոքր քաշը, և ընկերությունը չի պատրաստվում հրաժարվել այդ սկզբունքից։

Mazda-ի ինժեներները հրաժարվել են թանկարժեք կարբոնային լուծումներից և կենտրոնացել են թափքի ուժային կառուցվածքի խելացի օպտիմալացման, ինչպես նաև ավանդական նյութերի առավել արդյունավետ կիրառման վրա։

Ընկերության նպատակն է մեքենայի քաշը պահել 1000-1200 կիլոգրամ միջակայքում։

Եթե այս նպատակը հաջողվի իրականացնել, էլեկտրական MX-5-ը քաշով գրեթե չի տարբերվի ներկայիս բենզինային տարբերակից, որը եվրոպական շուկայում կշռում է ընդամենը 1003 կգ։

Այսպիսով, Mazda-ն փորձում է կոտրել այն կարծրատիպը, թե բոլոր էլեկտրամոբիլներն անխուսափելիորեն ծանր են։

Ապագա ռոդսթերի արտաքին տեսքը, ըստ ամենայնի, կհիմնվի Iconic SP կոնցեպտի վրա, որը ներկայացվել էր դեռևս 2023 թվականին։

Միևնույն ժամանակ Mazda-ն չի պատրաստվում ամբողջությամբ հրաժարվել ներքին այրման շարժիչներից։

Մորոյի խոսքով՝ մոդելային շարքը կհամալրվի նոր 2.5-լիտրանոց Skyactiv-Z մթնոլորտային շարժիչով։

Ավելին, ընկերությունը ուսումնասիրում է նաև հիբրիդային ուժային համակարգի կիրառման հնարավորությունը։

Սակայն կա մեկ կարևոր պայման՝ հիբրիդային տարբերակը չպետք է զգալիորեն ավելացնի մեքենայի քաշը։

Եթե նախագծումը հաջող իրականացվի, համակարգի հզորությունը կարող է կազմել մոտ 220 ձիաուժ։

Համեմատության համար՝ ներկայիս MX-5-ը զարգացնում է 181 ձիաուժ, իսկ ճապոնական շուկայի համար նախատեսված ամենահզոր 12R տարբերակը՝ 200 ձիաուժ։

Հարցազրույցի ընթացքում Մասահիրո Մորոն անդրադարձել է նաև Mazda-ի նոր ֆլագմանային սպորտքարի ստեղծման գաղափարին։ Նրա խոսքերով՝ սա գրեթե անձնական նախագիծ է։

«Ես ցանկանում եմ Mazda-ի համար ստեղծել իսկական լեգենդար ավտոմեքենա՝ մոդել, որը կդառնա մեր բրենդի արժեքների մարմնավորումը», – հայտարարել է նա։

Ըստ ծրագրի՝ MX-5-ը կշարունակի մնալ համեմատաբար մատչելի սպորտային մեքենա՝ վարելու հաճույքը գնահատող մարդկանց համար։

Իսկ ապագա ֆլագմանային մոդելը կունենա բոլորովին այլ դիրքավորում․ դրա արտադրությունը կլինի սահմանափակ, իսկ հավաքումը, մեծ հավանականությամբ, կիրականացվի ձեռքով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment