ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները նախատեսված են այսօր՝ օրվա երկրորդ կեսին։
«Դրանք կսկսվեն օրվա երկրորդ կեսին։ Կտեսնենք՝ արդյոք արդյունք կտան։ Ես ուրախ կլինեմ նման ելքի համար։ Դա կփրկի բազմաթիվ կյանքեր և կխնայի մեծ քանակությամբ ուժ ու ռեսուրսներ», – ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքով՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը և հենց Իրանը Վաշինգտոնին խնդրել են ձեռնպահ մնալ Իրանի դեմ նոր հարված հասցնելուց։ Նրա պնդմամբ՝ ամերիկյան զինված ուժերը պատրաստ էին սկսել գործողությունը «բառացիորեն հենց այս պահին», սակայն դաշնակիցները կոչ են արել հնարավորություն տալ բանակցություններին։
ԱՄՆ նախագահի հայտարարությամբ՝ կողմերն արդեն համաձայնության են հասել Հորմուզի նեղուցի հարցում, որից հետո նախատեսում են քննարկել Իրանի միջուկային ծրագիրը։
«Գործարքը ձևավորվում է։ Գործարքը մոտ է։ Մենք կարող ենք այն կնքել ցանկացած պահի, երբ ցանկանանք», – հայտարարել է Թրամփը։