«Ինձ հրավիրել էին Ադրբեջան՝ դասախոսության։ Ես մերժեցի (նրանք մեծապես ավելացրին առաջարկը՝ չհասկանալով իմ սկզբունքները, կարծելով, թե դա կփոխի իմ որոշումը)։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ»,- X-ի իր էջում գրել է աշխարհահռչակ տնտեսագետ և հրապարակախոս, «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը։
Մեկ այլ գրառմամբ նա վերահրապարակել է Մեհրիբան Ալիեւայի գնահատականը իր «Սեւ կարապի» վերաբերյալ ու հավելել. «Այն փաստը, որ որևէ կառավարություն հավանում է իմ աշխատանքը, ինձ չի մղում փոխադարձել։ Ես վաճառական չեմ»։
Նասիմ Նիքոլաս Թալեբը լիբանանա-ամերիկյան էսսեիստ, մաթեմատիկական վիճակագիր, նախկին ֆինանսական թրեյդեր և ռիսկերի վերլուծաբան է, որը հայտնի է անորոշության, հավանականության և պատահականության վերաբերյալ իր աշխատանքներով։
Նրա ամենահայտնի գիրքը՝ «Սև կարապը» («The Black Swan», 2007), նկարագրում է հազվադեպ, անկանխատեսելի, բայց հսկայական ազդեցություն ունեցող իրադարձությունները, որոնք հետահայաց թվում են տրամաբանական։
Թալեբը նախկինում աշխատել է որպես ածանցյալ գործիքների թրեյդեր և ռիսկերի կառավարման մասնագետ Wall Street-ում, ինչը ձևավորել է նրա գաղափարները ֆինանսական համակարգերի փխրունության մասին։
Նա հայտնի է նաև իր սուր, հաճախ վիճահարույց ոճով սոցիալական ցանցերում (X-ում), որտեղ քննադատում է ակադեմիական էլիտաներին, լրատվամիջոցները, կենտրոնացված ինստիտուտները և այն, ինչ ինքն անվանում է «ինտելեկտուալ խաբեբայություն»։ Նրա մտածելակերպի կենտրոնում է «անտիֆրագիլություն» հասկացությունը՝ գաղափար այն մասին, որ որոշ համակարգեր ոչ միայն դիմանում են ցնցումներին ու անկարգություններին, այլև ուժեղանում են դրանցից։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: