ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը անտեղի ու մանիպուլյատիվ շահարկում է համարում ՔՊ-ական պատգամավորի կողմից իրեն ուղղված հայտարարությունը, թե Վրաստանում խնդրել է, որ մասնակցի ադրբեջանցի երիտասարդների հետ հանդիպմանը, Դավթյանի հայտն էլ դիտարկել է ու բավարարվել:
«Իր շահարկումները հիմնականում իր ունեցած կեղծիքները թաքցնելու մասին են, իր հնարավոր համագործակցությունը թաքցնելու մասին են»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը:
Դավթյանը պատմեց, որ իր ուսանող լինելու հանգամանքով պայմանավորված մասնակցել է բազում կոնֆերանսների, հայ-ադրբեջանական ձևաչափով կազմակերպված սեմինարների.
«Ինչքան իրենք ունեն ասելիք, 2-3 անգամ ավելի ասելիք ես ունեմ ու կունենամ»:
Նա ասաց, որ շատ անգամ է պարզաբանել, թե ինչու է ադրբեջանագետ եղել, որ հասկացել է՝ դաշտում մասնագետների պակաս կա:
Լրագրողի դիտարկմանը, թե մեղադրում եք ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայում ուսանելու համար, մինչդեռ դուք էլ, որպես ադրբեջանագետ, բազմաթիվ նման հանդիպումներ եք ունեցել, սեմինարների մասնակցել, ի՞նչ տարբերություն, Դավթյանը հստակեցրեց, որ Ռուբինյանին չեն մեղադրում Թուրքիայում ուսանելու մեջ, այլ մեղադրում են, որ թաքցրել է Թուրքիայում հետազոտական աշխատանք կատարելու փաստը, և որպես պաշտոնյա՝ ինքնակենսագրության մեջ չի նշել ու հաշվետու չի եղել հանրությանը:
Դավթյանի խոսքով՝ իրենց համար կարևոր էր՝ Ռուբինյանը դետալային պատմի հետազոտության մասին, ինչն այսօր արեց, իսկ մինչ այդ դետալները թաքցնում էր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: