«Ռուբեն Ռուբինյանի և Կնյազ Հասանովի քննարկման արդյունքը եղել է այն, որ ԱԺ-ն աշխատանքները մեկնարկեց կանոնակարգի կոպտագույն խախտումներով»,- 9-րդ գումարման ԱԺ նստաշրջանի առաջին նիստի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Խոսելով խախտումների մասին՝ Էդգար Ղազարյանը թվարկեց․ «ԱԺ չհրավիրվեց Կաթողիկոսը, ԱԺ պատգամավորները զրկվեցին գրանցումից հետո վարման կարգի վերաբերյալ խոսելու հնարավորությունից, զրկվեցին իրենց իսկ բառերով ԱԺ պատգամավորի երդման տեքստը հնչեցնելու հնարավորությունից, բայց կիրառվեց պիոներական ճամբարի մեթոդը։ Սա թերևս միակ խնդիրը չէր, որ կանոնակարգի խախտումներ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ նաև բարոյական նորմերի կոպտագույն խախտում։ Հետևել եմ 2021-ի ԱԺ նստաշրջանի առաջին նիստի մեկնարկին, երբ Կնյազ Հասանովը նիստը բացելուց առաջ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը։ Բայց պարոն Ռուբինյանի հետ քննարկման արդյունքում այս անգամ նման որոշում չի կայացվել։ Լինելով հայ ժողովրդի ընտրյալ զավակներ՝ մեզնից յուրաքանչյուրն՝ այստեղ ներկա, չենք կարող այդ խնդիրը թողնել Ռուբինյանի կամ Հասանովի հայեցողությանը»։
Այնուհետև առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիք պաշտպանության համար զոհվածների հիշատակը։
Դահլիճից ՔՊ-ականները բացականչում էին․ «Դուք չեք կարող նման բան անել»։ Ի վերջո, ողջ ԱԺ-ն ոտքի կանգնեց, այդ թվում՝ ՔՊ-ականները։ Երբ բոլորը կանգնած էին, Սասուն Միքայելյանը շարունակում էր խոսել։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: