«Ազատ Քվե» դիտորդական առաքելության՝ ՀՀ ԱԺ 2026 թվականի ընտրությունների կարճաժամկետ դիտարկման զեկույցը

«Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է ՀՀ ԱԺ 2026 թվականի ընտրությունների կարճաժամկետ դիտարկման զեկույցը

«Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը ամփոփել է ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների ընթացքում Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում իրականացված դիտորդական առաքելության արդյունքները։

Զեկույցը ներառում է ընտրության օրվա ընթացքում իրականացված դիտարկումների հիման վրա արձանագրված փաստերը, ընտրական գործընթացի տարբեր փուլերում գրանցված հիմնական դիտարկումներն ու խախտումները, դրանց վերլուծությունը, ինչպես նաև ընտրական գործընթացների թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունները։

Երեք մարզերում իրականացված կարճաժամկետ դիտարկումը ցույց է տալիս, որ դիտարկված տեղամասերում չեն արձանագրվել քվեատուփի լցոնման, բազմակի քվեարկության, ֆիզիկական բռնության կամ արդյունքների միտումնավոր կեղծման դեպքեր։ Այնուամենայնիվ, արձանագրված խախտումները վկայում են համակարգային բնույթի մի քանի խնդիրների մասին.

1․ Հրապարակայնության և վերահսկելիության պակաս՝ պայմանավորված զգալի թվով տեղամասերում տեսանկարահանման միջոցների բացակայությամբ և առանց հրապարակված նորմատիվ հիմքի կիրառվող ընտրողական մոտեցմամբ։

2․ Ընտրողի ընտրական իրավունքի կամայական սահմանափակումներ՝ և՛ քվեարկության ընթացքում (կտրոնի կորուստ, Ձև 9 տեղեկանքի տեխնիկական խոչընդոտ), և՛ փակման պահին (20:00-ի դրությամբ տեղամասում գտնվող ընտրողների չթույլատրում)։

3․ Դիտորդների գործունեության խոչընդոտում՝ ճնշման դրսևորումներ, ագրեսիվ վարքագիծ և գրանցամատյանում արձանագրումների կատարումից հրաժարում, ինչը մի շարք դեպքերում պահանջել է առաքելության ղեկավարության, իրավաբանի կամ ԿԸՀ-ի ուղղակի միջամտություն։

4․ Հանձնաժողովների անդամների ոչ բավարար պատրաստվածություն՝ հատկապես ամփոփման փուլում (կտրոնների, կնիքների, դրոշմանիշների հաշվառում, քվեաթերթիկների վավերականության որոշում)։

5․ Վստահված անձանց ոչ իրավաչափ միջամտություն՝ ընտրողների ուղղորդում, կուտակումների առաջացում, հաշվարկին միջամտություն և հանձնաժողովների որոշումների վրա ազդելու փորձեր։

6․ Մատչելիության խնդիրներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար թեքահարթակների բացակայություն մի շարք տեղամասերում։

Արձանագրված խախտումների հիման վրա «Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերում են օրենսդրական և նորմատիվ փոփոխություններին, ընթացակարգային և կազմակերպչական բարելավումներին, դիտորդների իրավունքների պաշտպանությանը, հաշվետվողականությանը և արագ արձագանքին։

Զեկույցի հեղինակները վստահ են, որ այն կնպաստի ընտրական գործընթացների վերաբերյալ փաստահեն հանրային քննարկումների խթանմանը և կծառայի որպես օգտակար ռեսուրս ընտրական համակարգի շարունակական բարելավման համար։

Զեկույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ ստորև՝

https://bit.ly/4pSaHFe

ԱԶԱՏ ՔՎԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment