Չունեք սահմանադրական մեծամասնություն, բրոնիժիլետ հագնենք, սպասենք պատերազմի՞, թե՝ ստում էիք․ Աննա Գրիգորյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի առաջին նիստի ընթացքում ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին ուղղված իր հարցը «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը սկսեց այն ձայնագրությամբ, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե ՔՊ-ն հունիսի 7-ի ընտրություններից հետո չունենա սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին պատերազմ է լինելու։

Այնուհետև հարցրեց․ «Փաստացի սահմանադրական մեծամասնություն չեք ստացել, նույնիսկ 50+1 չեք ստացել։ Պարզ հարց՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մեկ ամսից լինելու է, ընդորում՝ ավերիչ պատերազմ․ մենք հիմա բոլորս գնանք, բրոնիժիլետ, կասկաներ հավաքենք, սպասենք պատերազմի, թե՝ ուղղակի սովորական սուտ եք հայտնել՝ ահաբեկչության ենթարկել մեր ժողովրդին՝ դրանով փորձելով համապատասխան ձայներ հավաքել։ Դուք հաշվետու կերպով ասեք՝ մեզ պատերա՞զմ է սպասվում, թե հերթական սուտն է եղել»։

Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Բարեբախտաբար ՔՊ-ն ստացել է մեծամասնություն, մանդատ կազմելու կառավարություն։ Եթե ուշադիր եք եղել քարոզարշավին, մեր թիմի անդամները բազմիցս բացատրել ենք՝ չենք ասում՝ պատերազմ է լինելու, եթե ընդդիմությունը հաղթի, մենք ասել ենք՝ եթե ընդդիմությունը հաղթի, իրականացնելու է իր ծրագիրը։ Մենք ասել ենք՝ տեսնում ենք՝ ինչ է ասում ընդդիմությունը։ Ոչ սեպտեմբերին չի սպասվում պատերազմ, որովհետև ՔՊ-ն ստացել է վստահ մանդատ շարունակել խաղաղության գործընթացը, և մենք այն շարունակելու ենք և հաջողությամբ  հասցնելու ավարտին։ Այո, սահմանադրական մեծամասնություն չենք ստացել, ինչը կարող է մի փոքր բարդացնել խաղաղության ապահովման մեր գործը, բայց ամենևին չի կանխի դա։ Մեր ստացած մանդատը լիովին բավարար է խաղաղությունն անշրջելի դարձնելու համար»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment