ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն իր ելույթի սկզբում շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը իր թեկնածությունն առաջադրելու համար, շնորհակալություն հայտնեց նաև ՔՊ կուսակցությանը այս տարվա հունիսի 7-ին քվե տված 700 հազարից ավելի քաղաքացիներին, որոնք, ըստ նրա, «հստակ և աներկբա մանդատ են տվել ՔՊ-ին՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները և խաղաղության օրակարգը՝ կազմելով Կառավարություն»:
«Սիրելի՛ ժողովուրդ, հունիսի 7-ին դուք պաշտպանեցիք Հայաստանը, դուք պաշտպանեցիք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, հայկական ժողովրդավարությունը, և այժմ եկել է լավ ապրելու ժամանակը: Այժմ եկել է խաղաղության պայմաններում, առանց հակամարտության ու պատերազմների երեխաներ ունենալու և նրանց մեծացնելու ժամանակը:
Ես ասել եմ քարոզարշավի մեկնարկին և ուզում եմ կրկնել հիմա՝ իմ գրեթե 2-ամյա տղան պատերազմ չի տեսել: Նրա հասակակիցները պատերազմ չեն տեսել, և ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի իմ, ձեր և մեր բոլորիս երեխաներն այդպես էլ չիմանան և չտեսնեն, թե ինչ է պատերազմը»,- հայտարարեց Ռուբինյանը:
Նա շնորհակալություն հայտնեց այն բոլոր քաղաքացիներին, որոնք իրենց խղճի և համոզմունքների համաձայն, առանց ընտրակաշառքի, չեն ընտրել ՔՊ կուսակցությանը, այսինքն՝ ընտրել են այլ ուժերի:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց այդ ընտրության համար, իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար և շեշտում եմ՝ խոսքը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք չեն քվեարկել ընտրակաշառքով:
Սիրելի՛ ժողովուրդ, ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք ձեզ լսել ենք և լսում ենք: Ուզում եմ ձեզ ասել, որ մենք ձեզ տեսել և տեսնում ենք, և ես ուզում եմ ձեզանից ներողություն խնդրել այն բանի համար, որ գուցե ոչ բոլոր ձեր մտահոգություններին ենք անդրադարձել, գուցե ձեր ոչ բոլոր դժվարություններին և դժգոհություններին ենք արձագանքել, կամ գուցե այն բանի համար, որ չենք կարողացել ձեզ համոզել մեր առաջարկած ճանապարհի ճշմարտացիության մեջ»,- նշեց Ռուբինյանը՝ շեշտելով՝ խոստանում է, որ ամեն ինչ անելու են նրանց վստահությունը վերականգնելու համար: