Քաղաքականություն
02.08.2026 | 10:58
Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի մեկնարկին պատգամավոր Արամ Վարդևանյանը հանդես է եկել հարցադրմամբ՝ կապված Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայության հետ:
Արամ Վարդևանյանը նշել է, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն թե՛ Հանրապետության նախագահը, թե՛ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Պատգամավորը դիմել է նիստը նախագահող տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու չի իրացվել Վեհափառ Հայրապետի ելույթի իրավունքը, հատկապես, երբ նախորդ գումարումների ժամանակ նա ներկա է եղել նիստերին:
Ի պատասխան բարձրացված հարցի՝ Կնյազ Հասանովը հայտարարել է, որ որպես տարիքով ավագ պատգամավոր՝ նման պարզաբանում տալն իր իրավասությունների մեջ չի մտնում: Նա շեշտել է, որ Կաթողիկոսը կարող էր ներկայանալ, և դրա դեմն «ոչ մեկ չէր կարող առնել»: Հասանովը հավելել է, որ Ազգային ժողովի նախագահի ընտրությունից հետո պատգամավորները կարող են իրենց բոլոր հարցերով դիմել նորընտիր նախագահին:
Քննարկումից հետո նիստը նախագահողը ներկայացրել է առաջին նստաշրջանի օրակարգը, որը ներառում է հետևյալ հիմնական կետերը.
-Հաշվիչ հանձնախմբի ստեղծում,
-Ազգային ժողովի նախագահի ընտրություն,
-Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ,
-Մշտական հանձնաժողովների ստեղծում,
-Էթիկայի հանձնաժողովի ստեղծում,
-Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ,
-Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում:
Մանրամասները՝ տեսանյութում։