Տեխասի համալսարանի ամերիկացի գիտնականները սուրճի մրուրում հայտնաբերել են նյութեր, որոնք կարող են հակազդել ուղեղի նեյրոդեգեներատիվ փոփոխություններին, այդ թվում՝ Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությանը: Հետազոտությունը հրապարակվել է Environmental Research (ER) գիտական ամսագրում:
Մասնագետները պարզել են, որ կոֆեինաթթուն, որը ստացվում է աղացած սուրճի հատիկներից, կարող է օգտագործվել այսպես կոչված «ածխածնային քվանտային կետեր» ստեղծելու համար։
«Կոֆեինաթթվի վրա հիմնված ածխածնային քվանտային կետերը կարող են փոխակերպել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժումը: Մեր նպատակն է գտնել բուժում՝ թիրախավորելով ատոմային և մոլեկուլային հիմքերը, որոնք առաջ են բերում այս պայմանները»,-ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Ջյոթիշ Կումարը:
Ըստ հրապարակման՝ նեյրոդեգեներատիվ հիվանդությունները հիմնականում բնութագրվում են նեյրոնների՝ ուղեղի բջիջների կորստով։ Սա ճնշում է ոչ միայն մարդու ճանաչողական կարողությունները, այլև հիմնական գործառույթները, այդ թվում՝ խոսքը և շարժվելու ունակությունը:
Թիմը պարզել է, որ սուրճի ածխածնի քվանտային կետերը պաշտպանում են հյուսվածքը՝ մաքրելով ազատ ռադիկալները կամ կանխելով օքսիդացումը՝ առանց որևէ էական կողմնակի ազդեցությունների:
«Կաֆեինաթթուն պատկանում է միացությունների ընտանիքին, որը կոչվում է պոլիֆենոլներ: Սրանք բույսերից ստացված միացություններ են, որոնք հայտնի են իրենց հակաօքսիդանտ հատկություններով: Կաֆեինաթթուն եզակի է, քանի որ այն կարող է ներթափանցել արյուն-ուղեղային արգելքը և այդպիսով ազդել ուղեղի ներսում գտնվող բջիջների վրա»,-նշել են գիտնականները: