Սիսակյան փողոցում վերելակն ընկել է, կան վնասվածք ստացած քաղաքացիներ
Հուլիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 103 շտապօգնության խումբը մի քանի քաղաքացու տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սիսակյան փողոցի 22 հասցեից «Արմենիա» ԲԿ է տեղափոխել ՌԴ քաղաքացի 39-ամյա Սերգեյ Գ.-ին, Երևանի բնակիչ 60-ամյա Նարինե Ա.-ին, 50-ամյա Մերի Հ.-ին և 43-ամյա Սաթենիկ Հ.-ին։
Ոստիկանները պարզել են, որ ժամը 19:00-ի սահմաններում Սիսակյան փողոցի 22 շենքի 1-ին մուտքի վերելակը 8-րդ հարկից պոկվել և ընկել է հորանը, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։