Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. «Խրուշչովյան ցիլինդրով հայտնի անձը, ով այսօր առավոտյան հպարտ ու «գործունյա» դեմքի իմիտացիայով ֆռֆռում էր հրապարակում, վերջին մեկ ամսվա ընթացքում զբաղված է բացահայտ քաղաքական ռեկետով, և փաստացի մարդկանց սեփականությունը խլելու գործով։
Վերջին զարգացումները, որոնք առնչվում են Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ակտիվների, դժվար է գնահատել որպես միմյանցից անկախ իրավական գործընթացներ։ Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի գինու-օղու գործարանը պետակաանցվել է, մինչ այդ ստուգումներ էին ընթանում Ծառուկյանին պատկանող տրանսպորտային ընկերություում, խլվել էր «Մուլտի Վելնես» մարզահամալիրը, «Արարատցեմետը»: Այսինքն, փաստացի պետական տեռորի ու վարչական ճնշումների միջոցով, Փաշինյանը խլում է Ծառուկյանի սեփականությունները:
Սրանք Նիկոլի նախընտրական հայտարարությունների ու սպառնալիքների ծիրում տեղավորվող շղթայի ավարտական ակտերն են, երբ բացահայտ խոսում էր մարդկանց ունեզրկելու «բոմժ սարքելու», «նստեցնելու» մասին։
Եթե պետությունն իր իրավական լծակների միջոցով կարող է ցանկացած պահի հայտարարել, որ այս կամ այն գույքը ենթակա է հանրային գերակա շահի ապահովմանը, ապա ակնհայտ է, որ չկա լիազորության սահման։ Ավեին, այդ գործիքը հանգիստ կարող է կիրառվել ցանկացած այլ սեփականատիրոջ նկատմամբ, բացի դրանից վտանգի տակ է հայտնվում ոչ թե առանձին բիզնեսը, այլ սեփականության իրավունքի ամբողջ ինստիտուտը։
Սեփականության անձեռնմխելիությունն իրավական պետության հիմնասյուներից մեկն է։ Երբ հասարակության մեջ ձևավորվում է այն ընկալումը, որ քաղաքական իշխանությունն ի վիճակի է վարչական կամ իրավական գործիքակազմի միջոցով ցանկացած պահի վերանայել սեփականության հարցը, դա հարվածում է ոչ միայն տվյալ գործարարին, այլև ամբողջ տնտեսական միջավայրին։ Այդպիսի պայմաններում վտանգի տակ է հայտնվում ներդրումային վստահությունը, քանի որ որևէ ներդրող չի կարող իրեն ապահով զգալ, եթե վստահ չէ, որ վաղը նույն մեխանիզմները չեն կիրառվի նաև իր նկատմամբ։
Խորհրդային իշխանության առաջին տարիներին բոլշևիկները նույնպես հայտարարում էին, որ պայքարում են հանրային շահի, սոցիալական արդարության և անհավասարության դեմ։ Այդ գաղափարների ներքո սկզբում իրականացվեց ունեզրկում, ապա սկսվեց լայնածավալ կուլակաթափություն։ Իրական թիրախը միայն հարուստ գյուղացիները չէին․ յուրաքանչյուր մարդ, ով ուներ տնտեսական ինքնուրույնություն և պետությունից անկախ գոյատևելու հնարավորություն։
Սեփականությունը ոչ թե պաշտպանվում էր օրենքով, այլ գնահատվում էր քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից։
Այդ գործընթացը ներկայացվում էր որպես սոցիալական արդարության հաստատում, սակայն դրա իրական հետևանքը դարձավ մասնավոր սեփականության գրեթե ամբողջական ոչնչացումը և տնտեսության լիակատար պետականացումը։
Ըստ էության՝ նեոբոլշևիզմը պարտադիր չէ, որ հանդես գա կարմիր դրոշներով, հեղափոխական կարգախոսներով կամ համատարած ազգայնացմամբ։ Այն կարող է դրսևորվել ժամանակակից իրավական ձևակերպումների, վարչական լծակների և պետական ինստիտուտների միջոցով։ Սակայն էությունը մնում է նույնը՝ պետության իշխանության ընդլայնում անհատի ազատությունների և մասնավոր սեփականության հաշվին։ Այդ պատճառով ցանկացած իշխանություն, որը սեփականության իրավունքը սկսում է դիտարկել ոչ թե որպես անխախտ սահմանադրական արժեք, այլ որպես քաղաքական նպատակներին հասնելու գործիք, ակամա սկսում է շարժվել նույն ուղով, որով մեկ դար առաջ շարժվում էին բոլշևիկները։ Ասել է թե՝ այսօր թիրախում կարող է լինել խոշոր գործարարը, վաղը՝ միջին ձեռնարկատերը, մյուս օրը՝ սովորական քաղաքացին»: