Անցած կիրակի Փաշինյանն ու նրան «կից» Կճոյանը «պատարագ» էին կազմակերպել Երեւանի Արաբկիրի շրջանի Սուրբ Խաչ եկեղեցում: «Պատարագ» բառը չակերտների մեջ եմ վերցրել, որովհետեւ այդ մարդկանց՝ եկեղեցի գնալու դրդապատճառները չափազանց հեռու են հոգեւոր կյանքից եւ տեղավորվում են կաթողիկոսին փոխելու ու իր գրպանը չմտած հոգեւորականներին պատժելու՝ Փաշինյանի մտասեւեռումների շրջանակներում:
Համացանցում տեսա, որ մի հավատացյալ ուզում էր գնալ Սուրբ Խաչ՝ պատարագի, բայց, իմանալով, որ Փաշինյանն այնտեղ է, հրաժարվել է այդ մտադրությունից: Ես էլ այդպես կվարվեի. այդ մարդկանց հետ նույն օդը շնչելը, հատկապես եկեղեցում, ինձ համար ծանր կլիներ: Ընդ որում, թե՛ ստորացնողը եւ թե՛ ստորացողն ինձ համար հավասարապես մերժելի են. աղանդավորական դավադրությանը միանալը, որպեսզի քո դեմ այլեւս քրեական գործ չհարուցեն՝ չափազանց, մեղմ ասած, տգեղ երեւույթ է:
Բայց ինձ համար ավելի սկզբունքային հարց է առաջանում՝ մտնե՞մ արդյոք այդ եկեղեցին այսուհետ, թե՞ այն պետք է մի տեսակ «օդափոխվի», մաքրագործվի: Իսկ եթե նախկինում որեւէ հոգեւորական մեզ խաչ է նվիրել, եւ հիմա դարձել է Փաշինյանի սպասավո՞րը: Կամ՝ եթե ներկայումս տիրադավ քահանաներից մեկը կնքել է մեր երեխային կամ պսակադրության արարողությո՞ւն է արել:
Չգիտեմ ճշգրիտ պատասխանը, գուցե հոգեւորականները (իսկական հոգեւորականները) հուշեն, թե ինչպես է պետք մոտենալ այդ հարցին: Բայց իմ կարծիքը հետեւյալն է. Սուրբ Խաչ եկեղեցին եւ բոլոր այն եկեղեցիները, որոնք այցելել է «Փաշինյանի զորքը», ո՛չ կաթողիկոսինն են, ո՛չ որեւէ եպիսկոպոսինն են, ոչ էլ որեւէ քահանայինը՝ լինի նա տիրադավ, թե իր ծառայությանն ու պարտքին հավատարիմ: Դրանք Աստծո տներն են, որոնք ոչ մի քաղաքական շոուով հնարավոր չէ «պղծել»: Այն, ինչ ամբողջապես լույս է, չի կարող պղծվել «խավարի մարտիկների» ներխուժմամբ: Նույնը՝ խաչը, նույնը՝ պսակը, նույնը՝ մկրտությունը:
… Ցավոք, այնպես է ստացվել, որ Հայաստանի տարբեր եկեղեցիներում կան քահանաներ, որոնց ներկայիս վարքը նողկանք է առաջացնում: Բայց ոչ Սուրբ Հովհաննեսը, ոչ Սուրբ Խաչը, ոչ էլ Սուրբ Սարգիսը դրանում մեղավոր չեն…
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: