ArmLur.am-ը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանը կազատվի Երևանի պետական համալսարանի դասախոսի աշխատանքից։
Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ հուլիսի 7-ին Ղազինյանին տեղեկացրել են, որ համալսարանը նրա հետ այլևս չի շարունակելու աշխատանքային պայմանագիրը։
Հիշեցնենք, որ Գագիկ Ղազինյանի որդին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը, մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության համար։ Նա հունիսի 18-ին կալանավորվել էր, և այդ գործը շարունակում է մնալ քաղաքական ու հանրային քննարկումների կենտրոնում։
Նշենք, Գագիկ Ղազինյանը Հայաստանի իրավաբանական կրթության համակարգում պատահական անուն չէ։ Նա երկար տարիներ ղեկավարել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը և այդ պաշտոնում մնացել մինչև 2024 թվականը։ Բացի այդ, եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ, այսինքն՝ զբաղեցրել է պետական և մասնագիտական բարձր պատասխանատվության պաշտոններ։
Այս պահին մնում է սպասել երկու կողմերի պաշտոնական պարզաբանումներին՝ թե՛ ԵՊՀ ղեկավարության, թե՛ Գագիկ Ղազինյանի արձագանքին»։