Գիշերը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում հարձակվել է «Ռոսատոմի» ջերմանավի վրա, նավը խորտակվել է

Բաժանորդագրվել

Ալեքսեյ Լիխաչովի հաղորդմամբ՝ նավի անձնակազմի բոլոր 17 անդամները փրկվել են և իրենց նորմալ են զգում։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Գիշերը Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի ծովային դրոնների հարձակման հետևանքով խորտակվել է «Ռոսատոմի» կազմի մեջ մտնող FESCO ընկերությանը պատկանող «Յանինա» կոնտեյներանավը։ Այս մասին հայտարարել են պետական կորպորացիայում։

«Այսօր գիշեր Սև ծովի ջրատարածքում՝ Նովոռոսիյսկ քաղաքից 130 մղոն հեռու, Ուկրաինայի ԶՈւ-ի մարտական ծովային դրոնների հարձակման հետևանքով վնասվել և խորտակվել է «Յանինա» ջերմանավը, որը պատկանում է FESCO ընկերությանը (մտնում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի կազմի մեջ)»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից խորտակված «Յանինա» ջերմանավի անձնակազմի բոլոր 17 անդամները փրկվել են և իրենց բավարար են զգում։

«Ուզում եմ նշել անձնակազմի համաձայնեցված գործողությունները, որոնք այն իրավիճակում, երբ պարզ է դարձել, որ ջերմանավը խորտակվում է, կազմակերպված և առանց խուճապի լքել են նավը։ Անձնակազմի բոլոր 17 անդամները փրկվել են և իրենց նորմալ են զգում»,-ասել է Լիխաչովը, որի խոսքերը մեջբերվում են «Ռոսատոմի» հաղորդագրության մեջ։

Լիխաչովը նաև անկեղծ շնորհակալություն է հայտնել Delphinus նավի միջազգային անձնակազմին՝ կապիտանի (Եգիպտոսի քաղաքացի) գլխավորությամբ, որը, չնայած դրոնների կողմից սպառնացող վտանգին, գիշերը շարժվել է դեպի աղետի վայր և փրկել է 16 մարդու։

Leave a comment