«Զորավորը Տերն է». աղոթքի և հավատքի միասնական ժամերգություն Ավանի սրբավայրում

Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կատարվեց Ավան գյուղի Սուրբ Աստվածածին՝ 5-րդ դարի խոնարհված եկեղեցում:

 

Դարերի ընթացքում բազմաթիվ փորձություններ տեսած այս սրբավայրը, թեև խոնարհված, շարունակում է իր քարերով վկայել մեր ժողովրդի անխախտ հավատքի և հոգևոր ինքնության մասին։

Ժամերգության ընթացքում ներկաները աղոթք բարձրացրեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մեր հոգևոր հայրերի, մեր հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար։

 

Ընթացս ժամերգության իր խոսքը ներկաներին փոխանցեց Տեր Ղևոնդ քահանա Գափոյանը՝ ընդգծելով, որ թեև եկեղեցին խոնարհված է, սակայն այս սրբատեղիի դուռը մշտապես բաց է յուրաքանչյուրի համար, ով փնտրում է Աստծուն։ Նա նշեց, որ հզոր է այն պետությունը, որի հիմքում կանգնած է հնազանդության, սիրո և խոհեմության վրա կառուցված ամուր ընտանիքը։

 

Տեր Հայրն իր խոսքում նաև հիշեցրեց, որ հաճախ աննկատ կորցնում ենք այն սուրբ պահերը, երբ Քրիստոս մեր կողքին է և կանչում է մեզ Իրեն հանդիպելու։ «Զորավորը Տերն է, Աստված է պահապանը, և ամենակարևորը՝ չկորցնենք այն պահը, երբ Աստված մեզ հնարավորություն է տալիս հանդիպելու Իր հետ»,– ընդգծեց նա՝ հորդորելով բոլորին ապրել արթուն հավատքով և բաց սրտով ընդունել Աստծո ներկայությունը։

Leave a comment