ԱՄՆ-ն ազգային անվտանգության նկատառումներով արգելել է չինական հումանոիդ ռոբոտների օգտագործումը. «Հենակետ» վերլուծական կենտրոն

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ՖԲ էջից.

ԱՄՆ-ի Հաղորդակցության դաշնային հանձնաժողովը հայտարարել է, որ արգելում է Չինաստանում արտադրված հումանոիդ ռոբոտների կիրառումը՝ դրանք գնահատելով որպես ազգային անվտանգության համար «անընդունելի ռիսկ»։

Արգելքը վերաբերում է ոչ միայն հումանոիդ ռոբոտներին, այլև օտարերկրյա առաջադեմ ռոբոտատեխնիկական համակարգերին, այդ թվում՝ կենդանիների նմանակող, օրինակ՝ չորսոտանի ռոբոտներին։

ԱՄՆ-ի իշխանությունների գնահատմամբ՝ նման սարքերը կարող են հավաքել մեծ ծավալի տվյալներ, որոնք կարող են օգտագործվել քաղաքացիների նկատմամբ վերահսկողության, օտարերկրյա հատուկ ծառայությունների հնարավորությունների ընդլայնման կամ հեռավար կառավարվող չարամիտ գործողությունների համար։

Այս քայլը Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության մի մասն է, որն ուղղված է ամերիկյան շուկայում չինական տեխնոլոգիաների սահմանափակմանը և տեղական արտադրողների աջակցությանը։

Բացի այդ, սահմանափակումներ է կիրառվել նաև արտասահմանյան արտադրության էլեկտրական ինվերտորների նկատմամբ, որոնք օգտագործվում են վերականգնվող էներգիայի համակարգերի, մարտկոցային կայանների և տվյալների մշակման կենտրոնների էլեկտրացանցին միացման համար։

Նախորդ շաբաթ հանձնաժողովը նաև նախնական հավանություն է տվել որոշ արտասահմանյան ռազմական դասի անօդաչու թռչող սարքերի ներմուծման արգելքին, որը հիմնականում վերաբերում է չինական արտադրողներին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment