Իսպանիայի վարչապետը քննադատել է Մարոկկոյից միգրանտների զանգվածային հոսքը՝ այն անվանելով «Իսպանիայի տարածքային ամբողջականության խախտում», որը, նրա խոսքով, «արժանի է նախատինքի և մեր դատապարտման հնարավորինս խիստ մակարդակով»։ Հեռուստատեսային ելույթի ժամանակ Պեդրո Սանչեսը նաև խոստացել է «մնալ վճռական՝ ցանկացած մարտահրավերի, ցանկացած իրադարձության և ցանկացած հանգամանքի առջև անվտանգությունը երաշխավորելու հարցում»։
Նա խոսել է Սեուտայից՝ Հյուսիսային Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող իսպանական ինքնավար քաղաքից, ուր վերջին օրերին առնվազն 60,000 միգրանտ է անցել Մարոկկոյից՝ ըստ իսպանական իշխանությունների։ Եթե այս թիվը հաստատվի, սա կլինի ԵՄ տարածքում գրանցված անօրինական ժամանումների ամենամեծ աճը և Իսպանիայի պատմության մեջ ամենալուրջ միգրացիոն ճգնաժամը։
Միգրանտների մեծ մասը եկել է ծովով՝ լողալով Մարոկկոյի սահմանային Ֆնիդեկ քաղաքից։ Նրանք հասել են մի քանի լողափերի, մասնավորապես, Էլ Տարախալ, որը սահմանին ամենամոտը գտնվող լողափերից է։
Պեդրո Սանչեսը նաև աջակցության ուղերձ է հղել Սեուտայի բնակիչներին՝ ասելով, որ «ամբողջ Իսպանիան նրանց կողքին է» և ընդունելով այն «տառապանք»-ը, որի միջով անցնում է բնակչությունը:
Նա այս աճը վերագրել է միգրանտների թրաֆիքինգով զբաղվող ցանցերին՝ նշելով, որ «հանցավոր խմբավորումները» դիտավորյալ սխալ են մեկնաբանել Իսպանիայի Գերագույն դատարանի հուլիսյան որոշումը՝ կարծելով, որ այն արգելում է ծովային ճանապարհով ժամանած միգրանտների անհապաղ վերադարձը՝ առանց դատավարության։
«Մարոկկոյի իշխանությունների հետ մեր զրույցներից պարզ դարձավ, որ թրաֆիքինգի մաֆիաները Գերագույն դատարանի որոշման եսասիրական մեկնաբանություն են ընդունել»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ մեկնաբանությունը «վերջին ժամերին տարածվել է հրդեհի պես»։
Իսպանիայի վարչապետը նաև հիշեցրել է, որ Մելիլյան՝ Հյուսիսային Աֆրիկայի մեկ այլ իսպանական ինքնավար քաղաք, 2021 թվականին միգրանտների նմանատիպ հոսք է ապրել և շեշտել, որ երկու ինքնավար տարածքներն էլ պահանջում են կառավարության առավելագույն ուշադրությունը։
Վարչապետը պաշտպանել է իր կառավարության միգրացիոն քաղաքականությունը և նշել, որ Իսպանիան կարողացել է կայուն կերպով կրճատել անկանոն միգրացիոն հոսքերը։
Հավելենք, որ Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա էքսկլավի ղեկավար Խուան Խեսուս Վիվասը ուրբաթ լրագրողներին հայտնել է, որ առնվազն 34 մարդ է մահացել, այն բանից հետո, երբ վերջին մի քանի օրերին շուրջ 60,000 մարդ անցել է Սեուտա։ Իսպանիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 25,000 միգրանտ կամավոր վերադարձել է Մարոկկո։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի