Հասարակական զուգարան՝ կրպակի տակ․ ինչ է հայտնի Աբովյան փողոցում թաքնված կառույցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

31.07.2026 | 19:07

Աբովյան փողոցում գործող  սուրճի կետի ապամոնտաժումից հետո բացված ստորգետնյա հատվածը երեկ զարմացրել էր շատերին, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին։ 

Ինչ նպատակի պետք է ծառայեր ստորգետնյա կառույցը՝ քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը տեղում Factor TV-ի հարցին այսպես էր արձագանքել․ «Գետնանցում է, բայց փակվում է, ապաստարանի պես տեղ է եղել։ Ճիշտն ասած, չգիտեմ՝ ելքը որ կողմից է»։

Սակայն պարզվում է՝ սա գետնանցում չի եղել․  խորհրդային տարիներին այդ հատվածում գործել է հասարակական զուգարան։ Factor TV-ի աղբյուրի փոխանցմամբ՝ տարածքը տարիներ առաջ վարձակալության է հանձնվել 2000-2001 թվականներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Էդուարդ Մադաթյանին։ Վարձակալությունից հետո, մեր աղբյուրի պնդմամբ, այդտեղ կառուցվել է սրճարան՝ առանց համապատասխան թույլտվությունների։ Վարձակալության պայմանագրով նախատեսված էր, որ հանրային զուգարանը պետք է պահպանվեր և շարունակեր շահագործվել։ Սակայն Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում սրճարանն ապամոնտաժվել է, ինչից հետո նախկին նախարարի ներկայացուցիչները դիմել են դատարան։ 

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դատարանն ապամոնտաժումը ճանաչել է ոչ իրավաչափ և Երևանի քաղաքապետարանից հօգուտ վարձակալի վնասի հատուցման վճիռ կայացրել՝ մի քանի հարյուր միլիոն դրամի չափով։  Ապամոնտաժումից հետո երկար ժամանակ տարածքում որևէ շինություն չի կառուցվել, սակայն հետագայում այնտեղ ապօրինի կերպով տեղադրվել են կրպակներ, իսկ դրանցում գործունեություն ծավալած տնտեսվարողները վարձավճար են տվել վարձակալին։ 

Հավելենք, որ Էդուարդ Մադաթյանի եղբոր որդին՝ Սարգիս Մադաթյանը, ներկայում զբաղեցնում է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

 

 

 

Leave a comment