Իրավապահները ներխուժել են «Մուլտի տրանսպորտ» ընկերություն

Բաժանորդագրվել

Ձերբակալվել է ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Այսօր իրավապահները ներխուժել են «Մուլտի տրանսպորտ» ընկերություն և ձերբակալել ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանին: Այս մասին գրում է MakaryanNews-ը։

«Իրավապահներն այսօր շատ կոպիտ ձևով ներխուժել են Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող հերթական բիզնեսներից «Մուլտի տրանսպորտ» ընկերություն և խուզարկություն իրականացրել: Նրանք գետնին պառկեցնելով և շոու անելով` ձերբակալել են ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանին»,–գրել է MakaryanNews-ը։

Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։

Leave a comment