87 տարեկան հասակում կյանքից հեռացել է խորհրդային տարիների հայտնի հոգեբույժ և հեռուստաբույժ Անատոլի Կաշպիրովսկին: Նրա մահվան մասին առաջինը հայտնել է հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը, իսկ ավելի ուշ տեղեկությունը RIA Novosti-ի հետ զրույցում հաստատել է Կաշպիրովսկու տնօրեն Սերգեյ Ռուդիխը:
Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում ծնված և կրթությամբ հոգեբույժ Կաշպիրովսկին ավելի քան երկու տասնամյակ աշխատել է Վիննիցայի հոգեբուժական հիվանդանոցում։ Սակայն նրան համամիութենական ճանաչում բերեցին 1989 թվականին ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությամբ հեռարձակվող «առողջարարական սեանսները»:
Միլիոնավոր հեռուստադիտողներ հավաքվում էին էկրանների առջև՝ լսելու նրա հիպնոտիկ դադարներն ու արդեն լեգենդար դարձած «Я даю вам установку…» արտահայտությունը։ Կաշպիրովսկին պնդում էր, թե հոգեբուժական ներշնչման միջոցով կարող է բուժել քրոնիկ հիվանդություններ։
1980-ականների վերջի և 90-ականների սկզբի տարիներին, երբ հեռուստատեսային «հրաշագործները» լայն ժողովրդականություն էին վայելում (որոնցից էր նաև ջուր «լիցքավորող» Ալան Չումակը), մասնագիտական բժշկական համայնքն ու գիտնականները խիստ քննադատորեն էին մոտենում նման մեթոդներին։ Պաշտոնական բժշկությունը նման «բուժումները» բացատրում էր բացառապես ինքնաներշնչմամբ և պլացեբոյի էֆեկտով։
Ի վերջո, 1993 թվականին Ռուսաստանի առողջապահության նախարարությունն արգելեց զանգվածային հիպնոսի և հոգեբուժության հեռարձակումը զանգվածային լրատվամիջոցներով։ Կաշպիրովսկու մահով վերջնականապես փակվում է խորհրդային հասարակության պատմության ամենաառեղծվածային ու հակասական էջերից մեկը։