6 փաստ Հայաստանի կողմից գնված ամերիկյան V-BAT անօդաչուների մասին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Երեւան այցելության ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի փետրվարի 9-ին հայտարարեց, որ Հայաստանը ԱՄՆ-ից 11 միլիոն դոլարով V-BAT հետախուզական անօդաչուներ է գնել:
Ներկայացնում ենք մի քանի փաստեր V-BAT-ի մասին։
1. Փաշինյանի եւ Վենսի հայտարարությունները
Նիկոլ Փաշինյանի 2026 թվականի փետրվարի 9-ին, մասնավորապես, ասել էր.
«Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով, եւ որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ 
Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ-ի «Արտաքին ռազմական վաճառք» ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար»։ 
Ձեյ Դի Վենսը 2026 թվականի փետրվարի 9-ին, մասնավորապես, ասել էր.
«Շատ ուրախ էի վարչապետի հետ մի քանի րոպե առաջ տեսնելու նոր անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները, որոնք մենք կվաճառենք Հայաստանին։ Այո, նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղությունն ապահովելու լավագույն միջոցն իրական զսպման գործիքներ ունենալու մեջ է, իսկ իրական զսպման գործիքներ ունենալու լավագույն միջոցն աշխարհի լավագույն ռազմական տեխնոլոգիաների օգտագործումն է, եւ Միացյալ Նահանգներն ունի դա։ Եվ առաջին անգամ մենք հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին՝ 11 միլիոն դոլար արժողությամբ հետախուզական եւ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները հայերին եւ մեր լավ ընկեր պարոն վարչապետին։ 
Նա դա օգտագործելու է իր երկիրը պաշտպանելու եւ մեր կողմից ստեղծվող խաղաղության տեւականությունն ապահովելու համար։ Դա Միացյալ Նահանգների համար նշանակում է ավելի շատ աշխատատեղեր եւ ավելի շատ ներդրումներ մեր սեփական պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում»։
2. MQ-35A կամ V-BAT
V-BAT-ը (ԱՄՆ զինված ուժերում կիրառվող պաշտոնական անվանումն է MQ-35A) ուղղահայաց թռիչքի եւ վայրէջքի (VTOL) անօդաչու օդային համակարգ է, որը մշակել է Սան Դիեգոյում տեղակայված Shield AI պաշտպանական-տեխնոլոգիական ընկերությունը։
V-BAT-ը ստեղծվել էր Martin UAV ընկերության կողմից եւ հետո ձեռք բերվել Shield AI-ի կողմից։
V-BAT-ը օգտագործում է միամիավոր պտուտակի շարժիչային համակարգ, որը թույլ է տալիս նրան ուղղահայաց թռչել եւ վայրէջք կատարել, այնուհետեւ հարթ անցում կատարել ֆիքսված թեւով հորիզոնական թռիչքի՝ հեռավոր առաքելությունների համար։ «Պոչը դեպի ներքեւ» կոնֆիգուրացիան թույլ է տալիս անօդաչուին աշխատել չափազանց սահմանափակ տարածություններում։
3. Hivemind արհեստական բանականությունը
Hivemind-ը Shield AI-ի սեփական ծրագրային ապահովումն է։ Արհեստական բանականության հիմքով համակարգը ծառայում է որպես «էլեկտրոնային օդաչու», որը թույլ է տալիս անօդաչուին ինքնավար աշխատել GPS-ի բացակայության եւ կապի ճնշման պայմաններում։
Hivemind-ը ներառում է տեսողական օդոմետրիայի վրա հիմնված նավարկության հնարավորություններ, որոնք թույլ են տալիս V-BAT-ին տեղորոշել իր դիրքը եւ կողմնորոշվել օդային տեսախցիկների եւ սենսորների օգնությամբ՝ առանց արտաքին GPS ազդանշանների վրա հիմնվելու։ Սա հատկապես կարեւոր է ժամանակակից մարտական գոտիներում, որտեղ կիրառվում են ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր՝ GPS ազդանշանները ճնշելու կամ դրանք փոխարինելու համար։
4. «Կիրառման հարուստ փորձ»
«Կիրառման հարուստ փորձը», որը հիշատակել է Նիկոլ Փաշինյանը, հիմնականում վերաբերվում է V-BAT-ի տեղակայմանը Ուկրաինայում, որտեղ այն անցել է լայնածավալ փորձարկումներ եւ մասնակցել է օպերատիվ առաքելությունների ուկրաինական ուժերի կազմում։
Համաձայն Shield AI-ի տվյալների՝ ընկերության Կիեւի օպերատիվ խումբը 2025 թվականի ապրիլի դրությամբ Ուկրաինայում իրականացրել է V-BAT-ի 130-ից ավելի թռիչք։
ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ մի գործողության ընթացքում V-BAT-ը Խերսոնի մարզում հայտնաբերել է ռուսական հրթիռային պահեստ՝ ռազմաճակատից 100 կիլոմետր հեռավորության վրա։ Թիրախային տեղեկատվությունը փոխանցվել է ուկրաինական ուժերին, որոնք HIMARS հրթիռներով հաջող հարված են հասցրել պահեստին։ Մեկ այլ գործողության ընթացքում՝ 2024 թվականի օգոստոսին, V-BAT-ները հայտնաբերել են ռուսական հակաօդային հրթիռային մարտկոցները եւ փոխանցել են տեղեկատվությունը հրետանային հարվածների համար։
5. V-BAT-ը արտաքին շուկաներում
2026 թվականի հունվարին Հնդկաստանի բանակը գնել է V-BAT անօդաչուներ մոտ 35 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։ Նաեւ ստեղծվել է ամերիկա-հնդկական համատեղ ձեռնարկություն՝ Հնդկաստանում V-BAT արտադրելու համար։
2025 թվականի մայիսին Հունաստանի զինված ուժերը պաշտոնապես ինտեգրել են V-BAT անօդաչու օդային համակարգերը։
Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը 2025 թվականի հուլիսին ձեռք է բերել տասներկու V-BAT համակարգ։
ԵՄ սահմանային Frontex գործակալությունը 2025 թվականի հունվարից օգտագործում է V-BAT-ները սահմանների մոնիտորինգի համար։
6. Գինը
Shield AI-ի նախագահ Բրենդոն Ցենգն ասել է, որ V-BAT-ի գինը գտնվում է «միջին վեցանիշ միջակայքում»: Այսինքն, կազմում է $ 400,000-ից մինչեւ $ 600,000 մեկ միավորի համար։
Սա նշանակում է, որ Հայաստանը ձեռք 1 բերել 15-ից 20 անօդաչու. $ 11 միլիոնի գումարը բուն թռչող սարքերից բացի կարող է ներառել նաեւ վերապատրաստում, օժանդակ սարքավորումներ եւ պահեստամասեր։

Leave a comment