«Ու այս համատեքստում, ժողովուրդ, մտածում եք, որ ադրբեջանցիների հետ կարող ենք հանգիստ ապրե՞լ։ Ու Հայաստանից ոչ մի արձագանք». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերում հանդես է եկել մի բացահայտմամբ, որի մասին՝ ըստ նրա, Հայաստանում գրեթե չգիտեն եւ ԶԼՄ-ներն էլ տեղյակ չեն, որ լուսաբանեն։

«Տեսեք, ինչ է կատարվում։ Էն Հիքմեթ Հաջիեւը, որ Արմեն Գրիգորյանի հրավերով եկել էր Դիլիջան, հետո Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե հրավիրել են, որ ռիսկերը կառավարեն, թվիթերում ռուսերենից անգլերեն թարգմանությամբ մի տեսանյութ է տեղադրել, որում պատերազմ լուսաբանող ինչ-որ լրագրող Ռիչարդաս Լապաիտիսի աչքերով Շուշիի բանտը անվանել է Կովկասի Աուշվից։ Մի տեսարան է նկարագրվում, թե ինչ է կատարվել Շուշիի բանտում։ Պարզ է, որ այդ լրագրողին փող են տվել, որպեսզի «լուսաբանի»։ Ովքեր չգիտեն, Աուշվիցում հիտլերական նացիստները հազարավոր մարդկանց կենդանի այրել են։ Այսինքն, Լեռնային Ղարաբաղը համեմատվում է դրա հետ։

Ամբողջ հաղորդումը հայերի մասին է, որտեղ հայերը ներկայացվում են որպես կենդանիներ, մարդակերներ։ Այդ լիտվացի ծախված լրագրողը իր այսպես կոչված «ռեպորտաժում» ասում է, որ ինքը գտնվում է աշխարհի ամենավախենալու տեղերից մեկում, Շուշիի բանտի մոտ։ Մոտավորապես 25 րոպե խոսում է եւ այդ ընթացքում մտնում է Շուշիի բանտը, ինչ-որ տեսարաններ է ցույց տալիս ու ասում՝ այստեղ պահել են ադրբեջանցիներին եւ Երեւանից ու Ստեփանակերտից հայերը եկել են, երկաթյա ձողերով ծեծել, սպանել են նրանց»,-տեսանյութի մասին ասում է Էդմոն Մարուքյանը եւ այս ամենին տալիս իր գնահատականները։

«Այս ռեպորտաժի մասին հայկական մամուլում ոչ մի նյութ չկա, թե Հիքմեթը ինչ տեսանյութ է դրել, ինչ փողեր են ծախսել, այդ մարդուն տարել Շուշիի բանտը նկարելու, բանտը բացել են եւ ինչի համար են սա անում։ Իմ քաղաքական գնահատականն այն է, որ սա հայ ժողովրդին անմարդկային կերպարի ներքո ներկայացնել է՝ դեհումանիզացիա է արվում։ Մեզ ներկայացնում են որպես անմարդկային համաշխարհային քաղաքակրթությունից հեռու մի ժողովուրդ, որը ադրբեջանցիներին գցել է Շուշիի բանտ ու խոշտանգել է։ Հետաքրքիր է, թե երբ է ադրբեջանցին եղել Շուշիի բանտում, երբ 1994 թվականից սկսած, երբ Արցախն արդեն ազատագրված էր, այնտեղ ադրբեջանցի չի ապրել։

Ես Շուշիի բանտում եղել եմ որպես փաստաբան, պաշտպան։ Պարզ է, որ այն պայմանները չկան, որ միջազգային ստանդարտներին համապատասխանող բանտերն են Եվրոպայում։ Բայց Շուշիի բանտը համեմատելի է «Կենտրոն» ՔԿՀ-ի կամ «Նուբարաշենի» բանտի հետ։ Այդ ստանդարտներին չեն համապատասխանում նաեւ մեր բանտերը։ Վստահ եմ նաեւ, որ Ադրբեջանի որեւէ բանտ էլ եվրոպական չափանիշներին չի համապատասխանում։ Անգամ եթե Շուշիի բանտում ադրբեջանցի է նստել, նստել են նաեւ հայ մարդիկ։

Եթե մենք գնում ենք խաղաղության, Ադրբեջանը գնում է խաղաղության, Հիքմեթ Հաջիեւ՝ Արարատ Միրզոյանի, Արմեն Գրիգորյանի, Նիկոլ Փաշինյանի հետ բանակցողի, մեզ որպես անմարդկային, մարդակեր վիճակում ներկայացնելու իմաստը ո՞րն է։ Ո՞վ կարող է բացատրել։ Սա մի պատճառ ունի։ Որ մեր նկատմամբ իրենք կիրառեն ռազմական ուժ եւ խախտեն միջազգային բոլոր ընդունված կանոնները։ Օրինակ, իրենք մարդկանց են գլխատում չէ՞, բազմաթիվ զինվորների գլխատել են, կանանց են բռնաբարել, մատները կտրել՝ մենք այդ բոլորը տեսել ենք, չէ՞։ Եվ որ այդ այլանդակություններն անեն, դրա համար այս արդարացումը պատրաստում են։ Սա իրենց ապագա այլանդակություններն անելու ապագա արդարացումն է, ինչը միջազգային մակարդակով փաստաթղթավորվում է, որ Եվրապառլամենտում, ԱՄՆ կոնգրեսում նայեն ու անգլերենով տեղեկանան, թե հայերը Շուշիի բանտում ադրբեջանցիներին կտտանքների են ենթարկել, ծեծելով սպանել են։

Ու այս համատեքստում, ժողովուրդ, մտածում եք, որ ադրբեջանցիների հետ կարող ենք հանգիստ ապրե՞լ։ Ու Հայաստանից ոչ մի արձագանք։ ԱԳՆ-ն չի արձագանքել այս նյութին, Նիկոլ Փաշինյանը չի արձագանքում, երբ ինքն է վարչապետը եւ ինքը պետք է արձագանքի։ Մեր դեսպանները պիտի արձագանքեն, բայց հանձնարարական չունեն, որ արձագանքեն։

Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ մեզ կոնկրետ խաբում են, թե լավ բաներ են լինելու։ Մեզ թմրեցրել են ու դրանից հետո լինելու են ահավոր բաներ։ Այսպես է եղել նաեւ 2020 թվականին ու դրանից առաջ։ Բոլոր արհավիրքները այսպես են եկել»,-ասում է պարոն Մարուքյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment