Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ Հայաստանից գյուղմթերք արտահանվում է ոչ թե 16, այլ տարբեր ծրագրերով՝ 25-ից ավելի երկիր։
Անդրադառնալով այն քննադատություններին, թե հայկական ծիրանի արտահանումը, օրինակ, Ֆրանսիայի հայկական խանութներ, չի լուծում ոլորտի խնդիրները՝ նախարարը նշեց, որ կառավարությունն իր խնդիրը լուծել է և այս տարի ոչ ծիրան, ոչ դեղձ, ոչ էլ լոլիկ դաշտերում չեն մնացել։
Պապոյանի խոսքով՝ կառավարության վերջին որոշմամբ վեց ամսով սահմանափակվել է Հայաստան ներմուծվող տոմատի մածուկը, ինչի արդյունքում արդեն չորս հայկական գործարան հայտնել է, որ կմթերի դաշտային և ջերմոցային ամբողջ լոլիկը։ Նա նաև ընդգծեց, որ արտահանվող տոմատի վերամշակման ոլորտին կառավարությունը աջակցություն կտրամադրի։
Հարցին, թե ինչու Հայաստանը Ռուսաստանին չի դիմել՝ խնդրելով վերացնել հայկական գյուղմթերքի նկատմամբ սահմանափակումները, նախարարը պատասխանեց. «Որովհետև չենք ուզում ԵՏՄ-ն փլուզվի, ուզում ենք ԵՏՄ-ն մնա կայուն։ ԵՏՄ-ն մեր կազմակերպությունն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։