Հայաստանում բավականին բարդ իրավիճակ է, քանի որ բևեռացված քաղաքականության պարագայում մենք խորհրդարանում չունենք իրավամբ ժողովրդավարական ուժեր, որոնք ներկայացված են խորհրդարանում և կարող են իշխող ուժի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն իրականացնել․ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի կազմակերպած «Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը։
«Այն ուժերը, որոնք անցել են խորհրդարան, շատ խոցելի են։ Իշխող ուժը բնականաբար օգտագործելու է այդ խոցելիությունը։ Նախորդ խորհրդարանի պարագայում, երբ հիմնական ընդդիմադիր ուժը կապված էր նախկին նախագահի հետ, միֆական նախկինների և վատ էլիտաների հետ, դա շահագործվում էր իշխող ուժի կողմից՝ շատ հակաժողովրդավարական քայլեր արդարացնելու համար և սևի ու սպիտակի երկընտրանքի առջև դնելու համար։ Հիմա իրավիճակն ավելի է սրվել, որովհետև, առնվազն հանրային ընկալումներում, հիմնական ուժը, որն անցել է խորհրդարան, դիտարկվում է որպես ՌԴ-ի հետ աֆիլիացված ուժ կամ շատ պրոռուսական ուժ։ Սա բնականաբար շահարկվելու է իշխող ուժի կողմից, և սա նաև նպաստելու է հակաժողովրդավարական միտումների խորացմանը, որովհետև ամեն ինչ դիտարկվելու է ինքնիշխանության պաշտպանության օրակարգի ներքո։ Նույնիսկ շատ մանր հարցեր, որոնք կապ չունեն այս թեմաների հետ, ներկայացվելու են որպես ինքնիշխանության պահպանման փորձ»,– ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
1970-ական թվականներից՝ ժողովրդավարացման երրորդ ալիքից սկսած, ժողովրդավարությունը նորմ էր դարձել, բոլորի համար ընդունելի չափանիշ, և նույնիսկ ավտորիտար ռեժիմները ժողովրդավարության ֆասադ էին փորձում ստեղծել՝ արտաքին լեգիտիմության համար։ Հիմա ժողովրդավարացման երրորդ ալիքն անկում է ապրում, հիմա հակաժողովրդավարական ալիքն է։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: