Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) վերջնագիր է հղել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին:
Հուլիսի 30-ին արտակարգ նիստում Եվրոպայի բոլոր 55 ազգային ֆուտբոլային ասոցիացիաները որոշել են բոյկոտել ՖԻՖԱ-ի բոլոր մրցաշարերը, եթե Ինֆանտինոն առաջ մղի Աշխարհի առաջնության որոշ իրավունքներ մասնավոր ներդրողներին վաճառելու իր ծրագիրը:
«ՈՒԵՖԱ-ն և նրա բոլոր 55 անդամ ասոցիացիաները միասնական են: Մենք միաձայն և անվերապահորեն մերժում ենք ՖԻՖԱ-ի առաջարկը՝ Աշխարհի առաջնության և ՖԻՖԱ-ի այլ մրցաշարերի սեփականության իրավունքները մասնավոր ներդրողներին փոխանցելու վերաբերյալ», – ասվում է միության հայտարարության մեջ:
ՈՒԵՖԱ-ն նշել է, որ Աշխարհի առաջնությունը «չի կարող դիտարկվել որպես ներդրումային ապրանք», քանի որ այն «ֆուտբոլի մեծագույն ժառանգություններից մեկն է»: «Շատ սերունդների ընթացքում այն կառուցվել է բոլոր մայրցամաքներից խաղացողների, ազգային հավաքականների և երկրպագուների կողմից: Դրա ոչ մի մասը չպետք է փոխանցվի մասնավոր ներդրողներին: Աշխարհի առաջնությունը վաճառքի համար չէ», – ընդգծել է կազմակերպությունը:
ՈՒԵՖԱ-ն ընդգծել է, որ ազգային հավաքականները կմասնակցեն մրցաշարին միայն այն դեպքում, եթե «առաջարկն ամբողջությամբ հետ վերցվի» և «տրամադրվեն իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ, որ կազմակերպությունը երբեք այլևս թույլ չի տա մասնավոր սեփականատերերին կառավարել ՖԻՖԱ-ն կամ դրա մրցաշարերը»։