Մոտ 2 հազար մարդ հայտնվել է Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական անկլավում՝ հաղթահարելով սահմանի ծովային հատվածը և շրջանցելով սահմանային արգելապատնեշները։ Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները։
Տեղական իշխանությունները Մադրիդին խնդրել են արտակարգ դրության ռեժիմ սահմանել և զինվորականներ ուղարկել, սակայն մերժում են ստացել։ Իսպանիայի կառավարությունում հայտարարել են, որ իրավիճակը չի համապատասխանում արտակարգ դրություն հայտարարելու պայմաններին։
Միևնույն ժամանակ, Իսպանիայի ազգային ոստիկանության JUPOL արհմիությունը Մարոկկոյին մեղադրել է իսպանական Սեուտա ինքնավար քաղաքի վրա միգրացիոն ճնշումը որպես քաղաքական շանտաժի գործիք օգտագործելու մեջ։
Վերջին օրերին Աֆրիկայի հյուսիսում գտնվող Սեուտան բախվել է ներգաղթյալների թվի կտրուկ աճի, վերջիններս փորձում են Մարոկկոյից լողալով և ոտքով հասնել իսպանական ինքնավար քաղաք։
JUPOL-ում նշել են, որ վերջին ժամերին հարյուրավոր մարդիկ են ապօրինի կերպով Սեուտա թափանցել Մարոկկոյի տարածքից։ Արհմիության տվյալներով՝ իսպանական ինքնավար քաղաքում աշխատող ազգային ոստիկանության աշխատակիցները գերբեռնված են աշխատում և անձնակազմի ու սարքավորումների պակաս են զգում։
Sputnik Արմենիա