«Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը հայտարարել է Հայաստանի հետ կոնցեսիոն համաձայնագրի փոփոխման դեպքում ներդրումների վերադարձի իրավունքի մասին

«Ռուսական երկաթուղիներ»-ը մտադիր է պահպանել Հայաստանի հետ երկաթուղային կոնցեսիայի պայմանները, սակայն հայկական կողմի նախաձեռնությամբ պայմանների փոփոխման կամ դրա դադարեցման դեպքում իրավունք ունի ակնկալել ներդրումների վերադարձ, ՏԱՍՍ-ին հայտարարել է ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը


ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է պահպանել Հայաստանի հետ երկաթուղային կոնցեսիայի պայմանները, սակայն հայկական կողմի նախաձեռնությամբ պայմանների փոփոխման կամ դրա դադարեցման դեպքում իրավունք ունի ակնկալել ներդրումների վերադարձ, ՏԱՍՍ-ին հայտարարել է ընկերության ղեկավար Օլեգ Բելոզերովը։


2008 թվականից հայկական երկաթուղու կոնցեսիոները 30 տարի ժամկետով հանդիսանում է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ն, որը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է։


«Կողմերի բոլոր իրավունքներն ու պարտականությունները գրանցված են կոնցեսիոն պայմանագրում, որի կողմ է հանդիսանում նաև Հայաստանի կառավարությունը։ Մեր կողմից մտադիր ենք հետևել դրան, և եթե հայկական կողմը դիտարկում է դրա դադարեցման կամ պայմանների փոփոխման հնարավորությունը, մենք իրավասու ենք ակնկալել ներդրված միջոցների վերադարձ», — ասել է նա։


Բելոզերովն ընդգծել է, որ -«Ռուսական երկաթուղիներ» -ը հետևողականորեն և ամբողջ ծավալով կատարում է Հայաստանում կոնցեսիայի շրջանակում ստանձնած պարտավորությունները։


«Անհրաժեշտ է նշել, որ ռուսական կողմը՝ ի դեմս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և նրա միակ բաժնետեր «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի, հետևողականորեն և ամբողջ ծավալով կատարում է 2008 թվականի կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները», – նշել է նա։


Բելոզերովն ընդգծել է, որ կոնցեսիան Հայաստանին տվել է ժամանակակից երկաթուղի՝ ազատելով ՀՀ բյուջեն դրա վերականգնման և պահպանման ծախսերից։ Բացի այդ, ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը, իսկ բաժնետիրոջը շահութաբաժիններ երբեք չեն վճարվել։


Ավելի վաղ՝ հուլիսի 30-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր էր համարել Ռուսաստանի նկատմամբ ֆինանսական պահանջների ներկայացումը Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի համատեքստում։ Նրա խոսքով՝ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և ՀՀ-ն իրավասու է օգտագործել օրենքով նախատեսված ցանկացած մեխանիզմ, ներառյալ՝ արբիտրաժը։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն ակնկալում է հարցը կարգավորել բարեկամական ձևաչափով՝ ռուսական կողմի հետ երկխոսության ճանապարհով։


Կոնցեսիայի և ներդրումների մասին


2026 թվականի փետրվարին Փաշինյանը չէր բացառել Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարման իրավունքը թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար բարեկամական մեկ այլ երկրի, մասնավորապես՝ Քաթարին, ԱՄԷ-ին կամ Ղազախստանին փոխանցելու հնարավորությունը։


Նա նաև հայտարարել էր, որ TRIPP նախագծի շրջանակում մի շարք երկրներ առաջարկում են երկաթուղային հաղորդակցություն կազմակերպել Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև՝ շրջանցելով Հայաստանը՝ նշելով, որ հայկական երկաթուղին գտնվում է ռուսական ընկերության կառավարման ներքո։ Նրա խոսքով՝ դրա պատճառով «Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը»։


2026 թ.-ի փետրվարին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ մոտ 20 տարվա ընթացքում Հայաստանի երկաթուղային համակարգում ռուսական ներդրումների ծավալը գերազանցել է 30 միլիարդ ռուբլին։

Leave a comment