ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «պատմական համաձայնության» մասին արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման վերաբերյալ՝ այն անվանելով Գազայի հատվածում նոր պաղեստինյան կառավարության ձևավորման ուղղությամբ կարևոր քայլ։
«Այսօր Խաղաղության խորհուրդը ՊԱՏՄԱԿԱՆ համաձայնության է հասել ՀԱՄԱՍ-ի և Գազայի մյուս բոլոր զինված խմբավորումների ԼԻԱՐԺԵՔ ԶԻՆԱԹԱՓՄԱՆ վերաբերյալ։ Սա հսկայական քայլ է դեպի երկարատև ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ և ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ։ Այս համաձայնությունը կարևոր քայլ է, որ Գազայում վերջապես նոր պաղեստինյան կառավարությունը կառավարվի, որը սերտորեն կհամագործակցի Խաղաղության խորհրդի հետ՝ պաղեստինյան ժողովրդին օգնելու համար։ Միաժամանակ, Իսրայելը կունենա այն անվտանգությունը, որին արժանի է, և Գազան այլևս չի օգտագործվի որպես ահաբեկչական հարձակումների հենակետ»,- գրել է Թրամփը իր Truth Social-ում։
Նա նշել է, որ սա իր 20 կետանոց ծրագրի իրականացման կարևորագույն հանգրվանն է։ Համաձայնությունը կիրականացվի կառուցվածքային փուլերով։ Զինաթափման ավարտին իսրայելական ուժերը դուրս կգան Գազայից, և Միջազգային կայունացման ուժերը կհամագործակցեն նոր պաղեստինյան ոստիկանական ուժերի հետ՝ ստանձնելու Գազայի բնակիչների և հարևանների անվտանգության պատասխանատվությունը։ Ըստ Թրամփի՝ պատմական առաջընթաց են գրանցել, և դեռ շատ անելիք կա։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել միջնորդներին՝ Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային՝ իրենց կարևոր ջանքերի համար, և հատկապես իմ ակնառու թիմին, որի անխոնջ աշխատանքը հնարավոր դարձրեց այս պատմական առաջընթացը։ Հոկտեմբերի 7-ին Գազայից ի հայտ եկած սպառնալիքը չի թույլատրվի վերականգնել։ Գազան վերջապես կլինի նոր պաղեստինյան կառավարության ձեռքում, որը կծառայի իր ժողովրդին»,- հայտարարել է նա։
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաները AFP-ին հաստատել են, որ ԱՄՆ-ի հետ համաձայնության են եկել: AFP-ի հաղորդմամբ՝ Եգիպտոսում մի քանի շաբաթ է՝ բանակցություններ են ընթանում Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ ծրագրի երկրորդ փուլի իրականացման վերաբերյալ: ՀԱՄԱՍ-ի զինաթափումից բացի՝ երկրորդ փուլը ենթադրում է իսրայելական բանակի փուլային դուրսբերում Գազայի հատվածից: Ռազմական գործողությունների դադարեցումից հետո տարածքի կառավարումը պետք է ստանձնի ԱՄՆ-ի գլխավորած Խաղաղության խորհրդի կողմից ստեղծված պաղեստինյան տեխնոկրատական կոմիտեն:
Իսրայելը նախկինում պահանջել էր ՀԱՄԱՍ-ի զինաթափումը՝ որպես հետագա ապաէսկալացիայի նախապայման:
ՀԱՄԱՍ-ի բանակցային թիմի անդամ Ղազի Համադը հայտարարել է, որ Իսրայելը չի կատարելու պաղեստինյան զինյալ խմբավորմանը զինաթափելու առաջադրանքը։
«Իսրայելը չի միջամտի զինաթափման հարցին։ Ազգային կոմիտեն այն մարմինն է, որը կձեռնարկի այս առաջադրանքը»,- ասել է նա՝ նկատի ունենալով Գազայի կառավարման ազգային կոմիտեն (NCAG):
Համադն ասել է, որ շարժումը «զիջումների է գնում Գազայի հատվածում գտնվող մեր ժողովրդի համար՝ նրանց սպանություններից և տեղահանությունից փրկելու համար»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի