Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»

Երևանի «Ալաշկերտն» ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայում, որի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց ռումինական «Կլուժին»: Առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:

Ռումինիայում կայացած հանդիպման սկզբնամասն անհաջող ստացվեց Վահե Գևորգյանի գլխավորած թիմի համար: Երրորդ րոպեին «Կլուժը» բացեց խաղի հաշիվը, իսկ 12-րդ րոպեին հյուրերը մնացին 10 խաղացողով: Կարմիր քարտ ստացավ «Ալաշկերտի» բրազիլացի պաշտպան Սեզարը:

Առաջին խաղակեսի վերջնամասում «Կլուժը» նաև կրկնապատկեց առավելությունը, իսկ ընդմիջումից հետո խփեց երրորդ գոլն ու տարավ վստահ հաղթանակ:

Ռումինական ակումբի հաջորդ մրցակիցը կլինի Եվրոպա լիգայից դուրս մնացած նորվեգական «Թրոմսյոն»:

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էր ղազախական «Ելիմային»:

Ավելի վաղ Կոնֆերենցիաների լիգայից դուրս էր մնացել նաև «Փյունիկը», իսկ «Նոան» դուրս է եկել որակավորման երրորդ փուլ:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Կլուժ» (Ռումինիա) – «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 3:0 (առաջին հանդիպում՝ 1:1)

Կառլո Մուխար, 3, Մերիտոն Կորենիցա, 45, Ալին Ֆիկա, 77

Հեռացում՝ Սեզար, 12 («Ալաշկերտ»)

Leave a comment