«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի գործով դատաքննության ժամանակ այսօր քննիչը միջնորդել է կալանքը որպես խափանման միջոց երկարաձգել եւս երկու ամսով:
Այս մասին դատական նիստից հետո լրագրողներին ասաց Ալեքսանյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը:
«Դռնփակ նիստի ընթացքում է քննարկվել: Մեր փաստաբանական թիմի համատեղ դիրքորոշումն էր, որ ակնհայտ անհիմն միջնորդություն էր: Այն ընդհանրապես պետք է մերժվի, բայց այլընտրանքային խափանման միջոցների հարցը եւս ներկայացվել է »,- ասաց Վարդեւանյանը:
Լրագրողների հարցին, թե ինչպես է Ալեքսանյանի տրամադրությունը՝ Վարդեւանյանն ասաց. «Այնպես, ինչպես իրեն ճանաչում եք, ժպիտը՝ դեմքին, կամքը՝ տեղը, ոգին՝ տեղը, տրամադրությունը՝ տեղը։ Մտահոգվելու ոչ մի առիթ չի տալիս: Նա արժանապատվորեն կրում է այս զրկանքները, ապօրինի քաղաքական հետապնդումը և դրանից բխող կալանքը»:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակի վաղն առավոտյան:
Վարդեւանյանի կարծիքով՝ դատարանը կարող էր որոշում կայացնել նաեւ այսօր՝ նիստի ավարտից անմիջապես հետո. «Կարելի էր կես ժամում կայացնել դատական ակտ, մերժել միջնորդությունը և ազատ արձակել Ալիկ Ալեքսանյանին հենց դատարանի դահլիճից։ Նման հնարավորություն, անշուշտ, կար»:
Արամ Վարդեւանյանը նաեւ ասաց՝ դադարեցնում է իր փաստաբանական գործունեությունը։ Նա նշեց, որ մտադիր է դիմել Փաստաբանների պալատ՝ իր արտոնագրի գործողությունը կասեցնելու միջնորդությամբ. «Վաղվա դատական նիստն, ըստ էության, ինձ համար վերջինը կլինի՝ որպես պաշտպան»: Հիշեցնենք, որ նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:
Նրա խոսքով՝ ութ տարվա իր ակտիվ փաստաբանական պրակտիկայի ընթացքում ինքը չի ունեցել ոչ մի պաշտպանյալ, որը կալանքից ազատ արձակվի ու կրկին կալանքի հիմք առաջանա: Ասաց՝ Ալեքսանյանի գործը դարձավ առաջին նման դեպքն իր մասնագիտական գործունեության մեջ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: