Անաստաս Իսրայելյան. «Հայաստանի այս իրավիճակի մեղավորը գործող իշխանությունն է»

«Վերածնվող Արցախ» հ/կ նախագահ Անաստաս Իսրայելյանը «Հայելի» ակումբում, վերլուծելով Հայաստանի տնտեսության ներկայիս անմխիթար վիճակը, արձանագրեց, որ դա այսօրվա գործող իշխանության վարած քաղաքականության հետեւանք է։

«Հիմա այն իրավիճակն է հասունանում, որի մասին ժամանակ առաջ հանրությանը զգուշացրել եմ, ասել՝ «արցախահայությունը ձեր համար ցավալի օրինակ է»։ Ասել եմ, որ այս իրավիճակին հարմարվելու, բավարար պայքար չմղելու պարագայում գալու է ժամանակ, որ դա ամեն մեկի դուռը թակելու է, ամեն մեկդ, թե բիզնեսի, թե կյանքի բարելավման հարցում խնդիրներ ունենալու եք։

Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցով նա ցանկացել էր ցույց տալ, թե փոխադարձ կապը կա, ով ինչ ուզում է ասի, բոլոր խնդիրները լուծելի են։ Բայց կա ավելի մեծ ու խորքային խնդիր, որը մենք որոշ ժամանակ հետո հասկանալու ենք։ Հիմա մեր տարածաշրջանում Եվրոպա-Ռուսաստան կռիվն է, թե ով՝ ով է, ով ավելի լավ, նպաստավոր առաջարկներ, խնդիրները լուծելու մոտեցումներ ունի։ Եվրոպայի դիրքորոշումը տեսանք, որ եղել է միայն ընտրությունների հետ կապված, որ ներկա իշխանությունը վերընտրվի։ Ժողովրդի հարցի բարելավման, երկրի զարգացման համար խնդրի բարձրացում չի եղել, արդյունքներ չկան։ Եթե այսօր Հայաստանի տնտեսության մեջ լուրջ խնդիրներ են առաջանում ու դրանց լուծումը չկա, ուրեմն մենք ականատես ենք նախատեսված ճանապարհի։

Այսօրվա խնդիրների մեղավորությունը ներկա իշխանության ղեկավարության մեջ է։ Եվ եթե երկրիդ մեջ հարց է ծագում, խնդիր է առաջանում, դա պետք չի գցել ուրիշ երկրների ղեկավարների, ուրիշ կենտրոնների վրա»,- ասաց նա։

Անաստաս Իսրայելյանը անդրադարձավ նաեւ Արցախի կորստին ու Հայաստանի համար դրա հետեւանքներին՝ ասելով. «Վերջին շրջանում այս իշխանությունները իրենց մեղավորությունն արդարացնելու համար մի խոսույթ էին օգտագործում՝ մեղքը բարդելով Արցախի վրա։ Ասում էին՝ Արցախն էր խանգարում, որ այս երկիրը զարգանա, որ Մայր Հայաստանը անկախություն, ամեն ուղղությամբ բարելավում ձեռք բերի։ Ժողովուրդ, Արցախը չկա, խնդիրներն ինչի՞ չեն լուծվում։ Ժողովուրդ, Արցախը տվեցին՝ հայտարարելով, թե Արցախը թոկ էր մեր վզին։ Հարցերը ինչի՞ չեն լուծվում։

Հիմա տեսնո՞ւմ եք, որ խնդիրը դա չէր, Արցախի կործանումից հետո տասնապատիկ շատ խնդիրներ առաջացան։ Արցախը որ կար, դուք խնդիրներ ունեցե՞լ եք, Արցախը որ կար, մենք նմանատիպ իրավիճակում հայտնվե՞լ ենք։ Ոչ։ Արցախի հանձնումից հետո շարունակական իրադարձություններում տեսնում ենք, որ ամեն հարցի մեջ թիվ մեկ մեղավորը այսօրվա իշխանության ղեկավարությունն է»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment