Գերմանիան պատրաստվում է Չինաստանի հետ հնարավոր առևտրային պատերազմին

Գերմանիան ուսումնասիրում է Չինաստանի տնտեսական խոցելիությունները, որոնք կարող են օգտագործվել, եթե Եվրամիությունը ներքաշվի Պեկինի հետ առևտրային պատերազմի մեջ, հաղորդում է Bloomberg-ը։ Կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարությունը վերլուծում է առևտրային հոսքերը, մատակարարման շղթաները և ընկերությունների տվյալները՝ Չինաստանի թույլ կողմերը քարտեզագրելու նպատակով։

Նախնական գնահատականներով՝ Պեկինի մատակարարման շղթայի կարևոր խոցելի օղակներ են Trumpf-ը, Carl Zeiss-ը, ինչպես նաև Siltronic, Aixtron և SUSS MicroTec ընկերությունները, որոնք ներգրավված են առաջատար կիսահաղորդիչների արտադրության տեխնոլոգիաներում։ Այս աշխատանքներն ընթանում են այն ժամանակ, երբ Եվրահանձնաժողովը պատրաստում է Չինաստանի նկատմամբ նոր քաղաքական առաջարկներ՝ մինչև հոկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթնաժողովը։

Անցյալ տարի ԵՄ-ի ապրանքների առևտրային դեֆիցիտը Չինաստանի հետ հասել է 360 մլրդ եվրոյի, որից 95 մլրդ եվրոն բաժին է ընկել Գերմանիային։ Ամենամեծ ճնշման տակ է հայտնվել ավտոմոբիլային ոլորտը, որը կորցնում է դիրքերը չինական ներմուծման աճի և Չինաստանում պահանջարկի թուլացման պատճառով։

Միաժամանակ Պեկինը արտահանման վերահսկողություն է սահմանել եվրոպական 14 ընկերության, այդ թվում՝ Rheinmetall-ի նկատմամբ՝ ի պատասխան ԵՄ պատժամիջոցների։ Սակայն ԵՄ-ում Չինաստանի հարցում միասնական դիրքորոշում ձևավորելը բարդ է, քանի որ որոշ երկրներ, օրինակ՝ Իսպանիան, շարունակում են աջակցել Պեկինի հետ համագործակցությանը։

ԵԿԲ-ի գլխավոր տնտեսագետ Ֆիլիպ Լեյնը նշել է, որ չինական ներմուծման ավելի ցածր գները նպաստել են Եվրոպայում գնաճի թուլացմանը, թեև պահպանվում են արտադրության դուրսմղման և ռազմավարական կախվածության հետ կապված ռիսկերը։

Leave a comment