«Գործունեությանս արտոնագիրը կասեցվելու է՝ լիազորությունների ստանձնման ժամկետով։ Նախքան դատական նիստին ներկայանալն ունեցել եմ որոշակի ներքին կոնֆլիկտ ինչ-որ իմաստով․ սա իմ վերջին հանրային դռնբացության կարգով դատական նիստն է։ Ուզում եմ հավատալ, որ Դուք այսօր կկարողանաք ապահովել փոքրիկ մի աստիճանի արդարադատություն»,-18 արդարների գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց գործով մեղադրյալ, 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։
Նա միջնորդություն էր ներկայացրել վերացնել Արթուր Սարգսյանի տնային կալանքը, սակայն տեղեկացրել ենք, որ նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց այն մերժել և Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգել ևս մեկ ամսով։
Իր ելույթում Արամ Վարդևանյանը նշեց․ «Տնային կալանքի կարգավիճակում Արթուր Սարգսյանն ընտրվել է 9-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր։ Նա ստացել է այդ մանդատը ժողովրդից, դա իրավաչափության պայման չի փոխո՞ւմ։ Ժողովուրդը՝ իշխանություն կրողը, այս ամենն իմանալով, տվել է Արթուր Սարգսյանին մանդատ։ Դատական իշխանության համար՝ ի դեմս Ձեզ, դա նշանակություն չունի՞։ Այդ ընտրվելը նշանակում է, որ կա մի օր՝ օգոստոսի 2-ը, որն ունի սկիզբ, բայց չունի հստակ ավարտ, քանի որ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստն է, որտեղ պետք է պատգամավորները երդվեն և մասնակցեն ԱԺ ձևավորման աշխատանքներին։
ՀՀ-ն, խորհրդարանական մանդատ ունեցող երկիր լինելով, առաջնային մանդատ ունեցող մարմնի ձևավորման փուլում է, դա իրավաչափության պայման չի՞ փոխում։ Ժողովրդի վստահության քվե ստացած մարդը չպե՞տք է մասնակցի ԱԺ-ի աշխատանքներին՝ լինելով ներկայացուցչական մանդատով օժտված մարդ։
ԱԺ պատգամավորի կարգավիճակի նկատմամբ հարգանք եմ պահանջում։ Եթե Արթուր Սարգսյանը չի ներկայանում ԱԺ, դա առաջացնում է այնպիսի բարձր պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև պատգամավորի կարգավիճակի դադարեցում։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ հենց դա էլ Դուք ուզում եք առաջացնել, եթե չեք փոխում տնային կալանքը՝ որպես խափանման միջոց։
Ձեր՝ այն արտահայտության առիթով, որ ոստիկաններն ուղեկցեն Արթուր Սարգսյանին ԱԺ, ուզում եմ նշել, որ այդ ոստիկանները և ոստիկանությունը, խորին հարգանքով, գտնվում են ԱԺ-ի վերահսկողության ներքո։ Դուք ուզում եք առաջացնել մի իրավիճակ, որ գործադիրը սահմանափակում կիրառի՞ ԱԺ պատգամավորի՝ բնականոն գործունեության մասով, Դուք իշխանությունների բաժանման, հավասարակշռման սկզբունքը դրանով խաթարում եք»։
Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: