4 մլն դրամ` երաշխիքի մեջ գտնվող Volvo-ների վերանորոգման համար

Ազգային ժողովը 4 մլն դրամ կվճարի երաշխիքի մեջ գտնվող 7 ավտոմեքենաների վերանորոգման համար։ Տրանսպորտային միջոցները Volvo EX40 մակնիշի են, գնվել են 2024 թվականի հունիսի 25-ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանում Volvo-ի ներկայացուցիչ «Ավանտգարդ» ընկերությունից։ 39 ավտոմեքենայի համար վճարվել է 780 մլն դրամ, յուրաքանչյուրի արժեքը՝ 20 մլն դրամ։ Կառավարության որոշմամբ դրանցից 7-ը հատկացվել էր ԱԺ-ին։

Ուշագրավ է, որ գնման պայմանագրում ավտոմեքենաների երաշխիքային սպասարկման ժամկետ նշված է 3 տարի՝ 1095 օրացուցային օր, և «եթե երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել մատակարարված ապրանքի թերություններ, ապա Վաճառողը պարտավոր է իր հաշվին, Գնորդի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները»։

Չնայած դրան, ինչպես Factor.am-ը տեղեկացավ պետական գնումների Armeps համակարգից, ԱԺ-ն 1 շաբաթ առաջ՝ հուլիսի 23-ին, ավտոմեքենաների վաճառողի՝ «Ավանտգարդ» ՍՊԸ-ի հետ 4 մլն դրամ արժողության պայմանագիր է կնքել՝ դրանց վերանորոգման համար։ Ըստ այդմ՝ ընկերությունը պետք է զննի մեքենաները և ներկայացնի պահեստամասերի ու ծառայությունների գնացուցակ։

«Ավանտգարդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2023 թվականին, սեփականատերը Էդվարդ Ավետիսյանն է։ Նրան են պատկանում նաև «Ավանգարդ Մոթորս», «Նորդ Մոթորս», «Ավանգարդ Ինվեսթ» ընկերությունները։

Թե ինչու է անհրաժեշտություն առաջացել ընդամենը 2 տարի շահագործվող ավտոմեքենաները վերանորոգելու, և ինչու է ԱԺ-ն վճարում երաշխիքի մեջ գտնվող ավտոմեքենաների վերանորոգման համար, փաստաթղթերում նշված չէ։

Գայանե Խաչատրյան

Leave a comment