«Հո թատրոն չի՞, արդեն որոշել եք, կալանքը տվեք, գնամ»․ Ֆարխոյանը որոշեց ևս մեկ ամսով երկարաձգել Արթուր Սարգսյանի կալանքը

«Դուք կանխավ որոշում եք կայացրել, որ ես պետք է մնամ կալանքի տակ, ախր ի՞նչ ենք արել, որ 20 միլիոն իմ ընկերները տվել են, հիմա էլ 5 միլիոն տան»,- Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանը՝ դիմելով նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանին։

Նշենք, որ այս գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 8-ին։ Ուստի նրա պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդություն էր ներկայացրել վերացնել Արթուր Սարգսյանի տնային կալանքը կամ մինչև 25 միլիոն դրամ գրավ կիրառել։

Արթուր Սարգսյանը հայտարարեց՝ կարիք չկա այս միջնորդություններից ոչ մեկը քննարկելու և հայտարարեց, որ իր կարծիքով՝ Կարեն Ֆարխոյանն արդեն նախապես որոշում է կայացրել, որ կալանքը պահպանի․ «Առանց լսելու մեղադրյալների միջնորդությունը Դուք որոշել եք, որ ես պետք է մնամ տնային կալանքի տակ։ Հիմա միջնորդությունների իմաստը ո՞րն է․ հո թատրոն չէ՞, դերասան չե՞նք, որոշել եք, որ պիտի մնամ, միանգամից կալանքը տվեք, գնանք»։

Քննարկելով միջնորդությունը՝ նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց ևս մեկ ամսով երկարաձգել Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը։

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment