Կրետեում հրդեհների պատճառով ավելի քան 7 հազար մարդ է տարհանվել

Բաժանորդագրվել

Տեղացիները ապաստանել են հարազատների մոտ, որոշ զբոսաշրջիկների տեղավորել են հյուրանոցներում, մոտ 700 մարդ գիշերել է մարզասրահում։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Հունական Կրետե կղզում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 7 հազար մարդ է տարհանվել: Այս մասին հայտնել է Ռեթիմնոյի փոխնահանգապետ Մարիա Լիոնին:

«Մենք տարհանել ենք Այա Գալինիին, այն շատ մեծ բնակավայր է՝ ունի յոթ-ութ հազար բնակիչ», – ասել է նա ERT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Լիոնիի խոսքով՝ Կրետեն «մղձավանջային օր և մղձավանջային գիշեր» է ապրել։ Հրդեհը շատ մեծ վնաս է հասցրել, որը գնահատել դեռևս հնարավոր չէ, քանի որ կրակը դեռ չի մարվել:

Նա հայտնել է, որ ավելի քան 7 հազար մարդ դուրս է բերվել միայն Այա Գալինիից, իշխանությունները տարհանել են նաև բազմաթիվ այլ գյուղեր: Պաշտոնյայի խոսքով, Այոս Պավլոս, Լիգրես, Տրիոպետրա շրջաններում, որտեղ ավանդաբար շատ զբոսաշրջիկներ են լինում, մարդկանց ստիպված են եղել ծովով տարհանել, քանի որ ավտոբուսները չեն կարողացել այնտեղ հասնել:

Լիոնին հայտնել է, որ տեղացիները ապաստանել են հարազատների մոտ, որոշ զբոսաշրջիկների տեղավորել են հյուրանոցներում, մոտ 700 մարդ գիշերել է մարզասրահում։

Leave a comment