Շների հարձակումից փրկված Կարմիրգրքյան արջի քոթոթը

2026թ․ հուլիսի 28-ին, ժամը 12:20-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնում ահազանգ է ստացվել Մարտունի քաղաքի բնակիչ Վ․Վ-ի կողմից հայտնաբերված արջի քոթոթի վերաբերյալ։

Տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում պարզել են, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրի հատվածում Վ․Վ․-ն նկատել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի մոտ 4 ամսական քոթոթ, որը հայտնվել էր 6-7 շների հարձակման վտանգի տակ։ Քաղաքացուն հաջողվել է կանխել կենդանուն սպառնացող վտանգը և արջի քոթոթին տեղափոխել իր տան հարակից օժանդակ շինություն։

ԲԸՏՄ տեսուչների կողմից իրականացված արտաքին զննությամբ կենդանու մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել։

ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի քոթոթի պատշաճ խնամքն ապահովելու և հետագայում վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ նույն օրը կենդանին հանձնվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC) և տեղափոխվել Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի՝ հատուկ ձագերի համար նախատեսված ապաստարան։

Leave a comment