Միջուկային էներգետիկայում համաշխարհային ներդրումները կհասնեն իրենց գագաթնակետին 2041-2045 թվականներին, իսկ այդ ժամանակահատվածում ոլորտի վրա կատարվող ծախսերը կարող են կազմել մոտ 1.5 տրիլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով Համաշխարհային միջուկային ասոցիացիայի գլխավոր տնօրեն դոկտոր Սամա Բիլբաո ի Լեոնային։
«2025 թվականի գների հաշվարկով՝ Համաշխարհային միջուկային ասոցիացիան ակնկալում է, որ միջուկային էներգետիկայի վրա կատարվող ծախսերը գագաթնակետին կհասնեն 2041-2045 թվականներին։ Այդ ընթացքում շուրջ 1 տրիլիոն դոլար կուղղվի խոշոր ատոմային էլեկտրակայանների կառուցմանը, ևս 450 միլիարդ դոլար՝ փոքր մոդուլային ռեակտորների (SMR) զարգացմանը։ Բացի այդ, 84 միլիարդ դոլար կծախսվի գործող ռեակտորների շահագործման ժամկետի երկարաձգման համար», – նշվում է պարբերականի հրապարակման մեջ։
Financial Times-ի տվյալներով՝ ներկայում աշխարհում միջուկային նախագծերի վրա տարեկան ընդհանուր առմամբ ծախսվում է մոտ 75 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ, աշխարհում կառուցման փուլում է գտնվում շուրջ 80 ռեակտոր, որոնց մեծ մասը կառուցվում է Ռուսաստանում, Չինաստանում, Հնդկաստանում և Հարավային Կորեայում։
Բիլբաո ի Լեոնայի խոսքով՝ միջուկային էներգետիկայի վրա կատարվող ծախսերը չափազանց մեծ չեն, եթե դրանք համեմատվեն էներգետիկայի այլ ոլորտների ներդրումների հետ։ Նրա գնահատմամբ՝ միջուկային էներգետիկայի վերածնունդը համադրելի է հեղուկացված բնական գազի արդյունաբերության զարգացման սկզբնական փուլերի կամ ծովային հողմաէներգետիկայի ձևավորման ժամանակաշրջանի հետ։