FIFA-ն նախատեսում է 4.2 միլիարդ դոլարով վաճառել աշխարհի առաջնության իրավունքների 20%-ը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) նախատեսում է ստեղծել դուստր ընկերություն՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության կառավարման համար, և վաճառել դրա բաժնետոմսերի մինչև 20%-ը ներդրողներին։ Այս մասին հաղորդում է CNBC-ն։

FIFA Forward Enterprises անվանումը ստացած նոր առևտրային կառույցը գնահատվում է շուրջ 20 միլիարդ դոլար։

Նախաձեռնության շրջանակում FIFA-ն նախատեսում է երրորդ կողմերից ներգրավել մինչև 4.2 միլիարդ դոլար՝ միաժամանակ պահպանելով ընկերության նկատմամբ լիակատար վերահսկողությունը։ Գործարքի կազմակերպմամբ զբաղվելու է J.P. Morgan ներդրումային բանկը, իսկ նախագծին աջակցում է Thrive Capital ներդրումային հիմնադրամը։

FIFA-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարել է, որ ֆուտբոլի առևտրային հատվածը պետք է գործի որպես նպատակաուղղված բիզնես՝ ապահովելու համար հետագա աճն ու զարգացումը։

Ծրագրի վերջնական հաստատման համար անհրաժեշտ կլինի FIFA-ի 211 անդամներից մեծամասնության, ինչպես նաև կազմակերպության 37 անդամից կազմված խորհրդի համաձայնությունը։

Նախաձեռնությունը կտրուկ քննադատության է արժանացել Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության՝ UEFA-ի կողմից։ Կազմակերպության ներկայացուցիչները նույնիսկ քննարկում են մրցաշարի բոյկոտի հնարավորությունը։

«Ֆուտբոլի հոգին և դրա կառավարումը վաճառքի ենթակա ակտիվներ չեն», – հայտարարել են UEFA-ում՝ հավելելով, որ աշխարհի առաջնությունը FIFA-ի սեփականությունը չէ, որպեսզի այն վաճառվի։

Քննադատները մտավախություն ունեն, որ մասնավոր կապիտալի ներգրավումը ներդրողներին չափազանց մեծ ազդեցություն կտա աշխարհի ամենահեղինակավոր միջազգային ֆուտբոլային մրցաշարի հետագա զարգացման վրա։

Leave a comment