Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը գրում է․
«Հուլիսի 30-ը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան մասնաճյուղի համահիմնադիր, վտանգված հայկական հուշարձանների ուսումնասիրության առաջամարտիկ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ծննդյան օրն է:
Հուշարձանագետ… այս բառը հնարավոր չէ գտնել բառարաններում, այն ստեղծվել է բնութագրելու ընդամենը մեկ մարդու մաքառումը: Եվ եթե մի օր այն իր արժանի տեղը գտնի բառարաններում, ապա բացատրության մասում կգրվի ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ:
Շնորհավոր ծնունդդ, սիրելի ուսուցիչ, քո գործը շարունակվում է»։
Սամվել Կարապետյանը հայազգի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, քարտեզագիր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախկին նախագահն է։ Տարբեր երկրներում մանրամասն ուսումնասիրել, չափագրել, լուսանկարել է հայկական հազարավոր հուշարձաններ և հայկական հետքեր։ Հեղինակել և համահեղինակել է հայկական հուշարձանների, հայկական ճարտարապետության և հայոց պատմությանն առնչվող տասնյակ գրքեր, գիտական հարյուրավոր հոդվածներ, բազմաթիվ քարտեզագրքեր։