Նավթային փոխադրումները հայտնվել են միաժամանակ մի քանի հակամարտությունների թիրախում

Միջազգային նավթային փոխադրումները հայտնվել են աճող սպառնալիքների ներքո, քանի որ ռազմական գործողությունները միաժամանակ սրվել են Հորմուզի նեղուցում, Կարմիր և Սև ծովերում։ Փորձագետների գնահատմամբ՝ տնտեսական պատերազմն ավելի ու ավելի հաճախ է օգտագործվում որպես ճնշման գործիք, ինչը մեծացնում է համաշխարհային էներգետիկ շուկաների անկայունությունը։

Հաղորդվում է, որ այս ամիս Իրանը ակտիվացրել է հարձակումները Հորմուզի նեղուցով անցնող նավթատար տանկերների նկատմամբ՝ փորձելով վերահսկողություն սահմանել աշխարհի կարևորագույն նավթային միջանցքներից մեկի վրա։

Միևնույն ժամանակ, Իրանի դաշնակից համարվող Եմենի հութիները նոր ճակատ են բացել Կարմիր ծովում՝ ծովային էմբարգո հայտարարելուց հետո հարվածներ հասցնելով Սաուդյան Արաբիայի երկու նավթատար տանկերի։

Ուկրաինան էլ իր հերթին հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Ռուսաստանի, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» հետ կապվող ավելի քան 150 տանկերի, բեռնատար և այլ նավերի՝ Ազովի և Սև ծովերում։

CNBC-ին տված հարցազրույցում RBC Capital Markets-ի գլոբալ ապրանքային ռազմավարության բաժնի ղեկավար Հելիմա Քրոֆթը նշել է, որ նավթային շուկան ներկայում բախվում է միաժամանակ մի քանի ուղղություններով ծավալվող հակամարտությունների հետևանքներին, ինչը զգալիորեն մեծացնում է մատակարարումների խափանման վտանգը։

Այս ֆոնին հուլիսին նավթի գներն աճել են ավելի քան 30 տոկոսով։ Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը առաջին անգամ մայիսից ի վեր գերազանցել է 100 դոլարը՝ պայմանավորված Կարմիր ծովի հարավային հատվածում և Հորմուզի նեղուցում անվտանգության իրավիճակի կտրուկ վատթարացմամբ։

Նշվում է նաև, որ հունիսի 17-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրից հետո Հորմուզի նեղուցով նավագնացությունը որոշ ժամանակ վերականգնվել էր, սակայն համաձայնության տապալումից հետո նավերի հոսքը կրկին զգալիորեն նվազել է։

Աթենքում գործող Marisks ծովային ռիսկերի գնահատմամբ զբաղվող ընկերության գլխավոր տնօրեն Դիմիտրիս Մանիատիսի խոսքով՝ փոխըմբռնման հուշագրի խափանումից հետո առևտրային նավագնացության համար սկսվել է հակամարտության ամենածանր փուլը։

ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպության (IMO) տվյալներով՝ մարտի 1-ից ի վեր Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծոցում գրանցվել է առևտրային նավերի վրա իրականացված 61 հարձակում, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 17 ծովագնաց, տասնյակ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Նույն աղբյուրի համաձայն՝ միայն այս ամիս Հորմուզի նեղուցի շրջանում արձանագրվել է առնվազն 12 հարձակում նավթատար տանկերների վրա, որոնց հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ։ Փորձագետները նշում են, որ այս իրադարձությունները համընկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական լարվածության կտրուկ սրման հետ։

Միաժամանակ Կարմիր ծովում շարունակվող հարձակումները վտանգի տակ են դնում նաև այն միլիոնավոր բարել նավթը, որը Սաուդյան Արաբիան Հորմուզի նեղուցի ռիսկերը շրջանցելու նպատակով խողովակաշարով տեղափոխում է երկրի արևմտյան ափ և արտահանում Բաբ էլ-Մանդեբի նեղուցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment