ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան ֆոնդային շուկայի ակտիվ ներդրող է։ Հաճախ նա գնում է հենց այն ընկերությունների բաժնետոմսերը, որոնց հրապարակայնորեն քննադատում է։ Վերլուծաբանների կարծիքով՝ սա լավ մտածված ռազմավարություն է․ գնել, երբ գինը նվազել է, և վաճառել գագաթնակետին։
Bloomberg գործակալության փորձագետների հաշվարկներով՝ իր երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում Դոնալդ Թրամփն ավելի շատ եկամուտ է ստացել, քան նախորդ 60 տարիների ընթացքում։
2026 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ նախագահի վարչակազմը հաշվետվություն է ներկայացրել Կառավարական էթիկայի վարչություն՝ բացահայտելով նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումային պորտֆելի մանրամասները։ Երեք ամսվա ընթացքում գրանցվել է ավելի քան 3600 գործարք արժեթղթերով՝ ընդհանուր 220-ից 750 միլիոն դոլար ծավալով։ Այդքան լայն միջակայքը պայմանավորված է հաշվետվության կանոններով, որոնք չեն պահանջում յուրաքանչյուր գործարքի ճշգրիտ գումարի նշում։ Ընդ որում՝ ակտիվների կառավարումն իրականացնում են ոչ թե անձամբ պետության ղեկավարը, այլ նրա որդիները՝ Դոնալդ Թրամփ կրտսերը և Էրիկ Թրամփը։